Կուտակումներ՝ Վերին Լարսում. քանի՞ հայկական բեռանատար է սպասում անցնելու իր հերթին

Կուտակումներ՝ Վերին Լարսում. քանի՞ հայկական բեռանատար է սպասում անցնելու իր հերթին

Երեկ հայտնի դարձավ, որ Վերին Լարսը դարձյալ փակ է բեռնատարների համար, պատճառը, ըստ երևույթի, եղանակային պայմաններն են։ 

Առավոտյան ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը, հղում անելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտին և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնին, տեղեկացրեց, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակվել է բեռնատարների համար:

MediaHub-ը ևս բազմաթիվ վարորդներից ահազանգեր է ստանում, որ արդեն բավականին ժամանակ է, ինչ կանգնած են տեղում:

Մենք  կապ հաստատեցինք Վերին Լարսում ՀՀ մաքսային կցորդ Վահան Հակոբյանի հետ՝ ճշտելու, թե ինչ վիճակ է այս պահին: Վերջինս նշեց, որ Վերին Լարսը շարունակում է փակ մնալ բեռնատարների համար։

«Խաչի լեռնանցքում դեռ ձյուն է գալիս, այսօր և վաղը երևի դեռ ձյուն կտեղա, մինչև տեղումները չավարտվեն, ձնամաքրման աշխատանքները չեն սկսվի վրացական կողմում: Տեղումները կավարտվեն, ձյունը կմաքրեն, նոր կբացվի անցակետը բեռանատարների համար»,– նշեց Հակոբյանը։

Հարցին՝ թե որքա՞ն հայկական բեռնատար է այս պահին սպասում Լարսի անցակետում, ՀՀ մաքսային կցորդը նշեց, որ խոսքն ամեն կողմից շուրջ 300 հայկական բեռանատարների մասին է, որ սպասում են անցնելու իրենց հերթին։

Մարիաննա Արամյան