ԵԽԽՎ նախագահը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Այս մասին հայտնել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի արհեստական բանականության ենթահանձնաժողովի փոխնախագահ Վլադիմիր Վարդանյանը։
«Այսօր՝ ապրիլի 24-ին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի գլխավորած պատվիրակությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Եվրոպայի խորհրդում մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանի հետ այցելեցինք Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»,-գրել է նա։