Օգտագործված կահույքը՝ Երևանի կենտրոնում. օրվա կադր
Այս լուսանկարը արվել է երեկ երեկոյան Տիգրան Մեծ պողոտայում, Երևանի ամենաբանուկ հատվածում՝ նախկին Ռոսիա կինոթատրոնի դիմաց:
Ուշագրավն այն է, որ երեկ MediaHub-ը այս թեման բարձրաձայնել էր, թե որտե՞ղ պետք է ոչ կենցաղային աղբը քաղաքացիները թափեն և ո՞վ պետք է այն հավաքի, քանզի մեզ դիմած քաղաքացիները ահազանգել էին, որ նմանատիպ աղբը՝ կահույք, տեխնիկա, ներքնակներ և այլն օրերով մնում են աղբամանի կողքին և աղբահանության ժամանակ դրանք չեն տարվում:
Ի պատասխան մեր հարցման Երևանի քաղաքապետարանից հայտնել էին, որ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկն այդպիսի ծառայություն չունի և այսօրինակ աղբը աղբամանի կողքը գցելը, փողոցում թողնելը օրենքի խախտում է.
«Կենցաղային աղբի աղբամանների կողքը որևէ այլ տեսակի աղբ թողնելը օրենքի խախտում է»,- շեշտել էին կառույցից։
Սակայն ահա ցայտուն օրինակ այն բանի, որ այս չլուծված խնդիրը իրապես գլխացավանք է դարձել թե՛ երևանցիների, թե՛ քաղաքապետարանի համար, քանզի նմանօրինակ վիճակ, փաստորեն, ունենք ոչ միայն ծայրամասերում, այլև մայրաքաղաքի հենց կենտրոնում:
Լուծում է պետք:
Մարիաննա Արամյան