«Չենք մեկնաբանում»․ սոցնախարարությունը թքած ունի «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի և այնտեղ բնակվող երեխաների վրա

«Չենք մեկնաբանում»․ սոցնախարարությունը թքած ունի «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի և այնտեղ բնակվող երեխաների վրա

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ասես արհամարհել կամ աչքաթող է Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ը, չնայած նրան, որ այդօրինակ յուրաքանչյուր հաստատություն այս նախարարության ենթակայության ու պատասխանատվության ներքո է գործում, և նախարարությունը պարտավոր է պատշաճ ուշադրության աարժանացնել այսպիսի հաստատությունները։ Մի կողմից նախարարության հրապարակած «գովազդային լուսանկարներով» ցույց են տալիս, թե ինչպես է նախարար Նարեկ Մկրտչյանը տարբեր առիթներով այցելում այս կամ այն խնամքի կենտրոն, մանկատուն, ծերանոց, շփվել երեխաների և տարեցների հետ, հետաքրքրվում նրանց խնդիրներով, փորձում նրանց համար ավելի լավ պայմաններ ստեղծել, մյուս կողմից էլ տեսնում ենք, որ այդ հաստատություններից մեկում, այս դեպքում՝ «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում երեխաները զուրկ են տարրական պայմաններից, չեն պահպանվում հիգիենայի նորմերը, իսկ բուժքույրն ու դայակն էլ բռնության են ենթարկում երեխաներին։

Ահավասիկ, այսօր հաղորդագրություն տարածվեց, որ Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում նախկին բուժքրոջ և դայակի կողմից պարբերաբար ֆիզիկական բռնության են ենթարկել երեխաները, ինչի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ, և դատախազը 2025 թվականի հունվարի 3-ին հաստատել է նրանց վերաբերյալ մեղադրական եզրակացությունն ու վարույթի նյութերի հետ հանձնել իրավասու դատարան:

Մասնավորապես, քրեական վարույթով պարզվել է, որ բուժքույր Ն.Մ.-ն և դայակ Ռ․Հ․-ն, օգտվելով այն հանգամանքից, որ ՊՈԱԿ-ի շահառուներն իրենց անօգնական վիճակի՝ հիվանդության, հոգեֆիզիոլոգիական առանձնահատկությունների, տարիքի, ֆիզիկապես թույլ լինելու և այլ պատճառներով չեն կարող պաշտպանել իրենց շահերը, 2024 թվականի ընթացքում՝ իրենց հերթափոխի ժամանակ, պարբերաբար, հարվածներ են հասցրել և բռնի այլ գործողություններ են կատարել խնամարկյալների նկատմամբ:

MediaHub-ը դիմեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ մեկնաբանություն խնդրելով այս կապակցությամբ, սակայն նախարարությունից, ի զարմանս, մեզ, կարճ ու կոնկրետ ասացին․ «Չենք մեկնաբանում, այս թեմայով մեկնաբանություն չունենք»։

Մենք փորձեցինք բացատրել, որ սա նախարարության տիրույթում գտնվող հարց է, ու տրամաբանական է, որ իրենցից պետք է մեկնաբանություն ակնկալենք, ուստի տարօրինակ է նախարարության կողմից այսպիսի պատասխանը, սակայն ԱՍՀ նախարարությունից անդրդվելի մնացին՝ չենք մեկնաբանում և վերջ։ 

Երբ տեսան, որ, միևնույն է, տարօրինակ է մեզ համար, որ չեն մեկնաբանում այս հարցը, հատկապես, որ մենք ուզում էինք իմանալ՝ արդյոք իրենք տեղյակ եղե՞լ են, որ բռնություն է կիրառվել այդ ՊՈԱԿ-ի երեխաների նկատմամբ, նախարարությունից որոշեցին «լավություն» անել և մի կես նախադասությամբ «մեկնաբանել» ինչ-որ բան՝ նշելով․ «Մենք ենք դիմել իրավապահ մարմիններին, որ ընթացք տան, գործն էլ ընթացքավորվել է»։

Նշենք, որ նախարարությունն առաջին անգամ չէ, որ «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի հետ կապված խնդիների հարցում այսպիսի տարօրինակ կեցվածք է դրսևորում մամուլի հետ շփվելիս։ 

Հիշեցնենք, ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները 2024 թվականի նոյեմբերի 25-ին մշտադիտարկման չհայտարարված այց էին իրականացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ, որի շրջանակում արձանագրել են մի շարք խնդիրներ, որոնց մի մասը բնորոշել են որպես համակարգային և ընդգծել, որ դրանք պահանջում են անհետաձգելի լուծումներ: Օրինակ՝ արձանագրել էին, որ տղաներին և աղջիկներին համատեղ էին խնամում, երեխաների լոգանք ընդունելու վայրը վարագույրով առանձնացված չէր, նաև նկատել են, որ ատամների խոզանակը մաքուր չէ, երեխաներին ժամկետանց դեղամիջոցներ են տրամադրում և այսպիսի բազմաթիվ խնդիրներ։

MediaHub-ի հետ զրույցում, սակայն, ԱՍՀ նախարարությունից «չորով» հերքել էին, որ նման բան կա՝ փաստացի սխալ հանելով ՄԻՊ աշխատակիցներին, որոնք իրենց աչիք տեսածն են արձանագրել։ ՄԻՊ-ից էլ մեզ հետ զրույցում պնդել էին, որ սոցիալական հարցերի նախարարությունից ստում են՝ իրենք արձանագրել են իրենց աչքի տեսածը։ Բացի այդ, MeidaHub-ը նախկինում այս ՊՈԱԿ-ում տեղի ունեցող բռնության դեպքերին ևս անդրադարձել է, սակայն նախարարությունից դարձյալ որևէ «ցրողական արձագանք» է եղել, ու ոչ մի հետևանք չի ունեցել, մինչև որ իրավապահները, վերջապես, ընթացք տվեցին դրան։ Թե ինչով է պայմանավորված նախարարության կողմից այսպիսի տարօրինակ ու «թքած ունեցող» մոտեցումը իրենց պատասխանատվության տիրույթում գործող հաստատության և դրանում արձանագարված խնդիրների նկատմամբ, դժվար է ասել, հատկապես, որ նախարարությունը, գոնե իր տարածած հաղորդագրություններով մշտապեց ցույց է տալիս, որ շատ ուշադիր են այսպիսի հաստատությունների նկատմամբ։

Վահե Մակարյան