Եվրոպան ձմռանը գազի խնայողության մի շարք միջոցներ է ձեռնարկում

Եվրոպան ձմռանը գազի խնայողության մի շարք միջոցներ է ձեռնարկում

Իսպանիայի խորհրդարանը քվեարկել է միջոցների համալիրի ընդունման օգտին, որոնք ուղղված են  էլեկտրաէներգիայի խնայողությանը եւ ռուսական գազի օգտագործման կրճատմանը։ Մասնավորապես, հիմա օդորակիչները հանրային վայրերում չեն կարող 27 աստիճանից ավելի ցածրի վրա դրվել, իսկ ձմռանը ջեռուցումը 19 աստիճանից բարձր չի լինելու։

«Էներգիայի խնայողությունն օգուտ կբերի բոլորին։ Դա կօգնի մեզ դիմակայել Պուտինի շանտաժին, դա խնայողություն է թե՛ տանը, թե՛ արդյունաբերական հատվածում։ Դա ռազմավարական գործողություն է կլիմայի փոփոխության սպառնալիքի առջեւ»,- ասել է Իսպանիայի տրանսպորտի նախարար Ռաքել Սանչես Խիմենեսը, տեղեկացրել է Euronews-ը։

Գերմանիայում սեպտեմբերին հանրային վայրերում կանջատվի տաք ջուրը, իսկ  օդի ջերմաստիճանը չի գերազանցի 19 աստիճանը։ Չեն ջեռուցվի միջանցքները եւ ճեմասրահները, չի միացվի շենքերի գիշերային լուսավորությունը։ Երկաթուղում առաջնահերթությունը կտրվի ոչ թե ուղեւորատար գնացքներին, այլ ածուխ եւ նավթ կրող վագոններին։

Խորվաթիայում  կառավարությունն առաջարկել է իջեցնել փայտանյութի ԱԱՀ-ն՝ 5 տոկոս, եւ լիովին չեղարկել այդ հարկն արեւային վահանակների համար։