Ղրիմի խորհրդարանի փոխխոսնակ Վլադիմիր Բոբկովը «ֆանտաստիկ անհեթեթություն» է անվանել Կիևի հերթական հայտարարությունը Ղրիմի կամուրջը քանդելու ծրագրերի մասին։
Չորեքշաբթի ավելի վաղ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը The Guardian-ին տված հարցազրույցում ասել էր, որ Կիևը ծրագրում է քանդել Ղրիմի կամուրջը։ Թե ինչպես է Կիևը պլանավորում դա անել, նա չի նշել: Նրա խոսքով՝ կամուրջը «ապօրինի շինություն է»։
«Այս ձևաչափի հայտարարությունները նախատեսված են բացառապես հոգեբանական օրակարգի համար», - Ria.ru-ն ասել է Բոբկովը։
Օգոստոսի 15-ին Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսի Գոնչարենկոն ասել է, որ հունիսին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Ուկրաինայի ներկայացուցիչները Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի հետ քննարկել են Ղրիմի կամուրջը քանդելու ծրագրերը։ Միաժամանակ, նույն օրը ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի ներկայացուցչի տեղակալ Ջեյմս Կարիուկին նշել է, որ իբր ոչինչ չի լսել կամրջին հարվածելու Կիևի և Լոնդոնի համատեղ ծրագրերի մասին։
Քաղաքագետ Ռուսլան Բալբեկն իր հերթին նշել է, որ Ղրիմի կամուրջը Ռուսաստանի Դաշնության ռազմավարական օբյեկտն է, և այդ կամրջի դեմ ցանկացած սպառնալիք ոտնձգություն է երկրի ազգային անվտանգության դեմ։
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ առաջին անգամը չէ, որ Կիևից այս կամուրջը խափանելու սպառնալիք է ստացվում, և Կրեմլը հաշվի է առնում այդ փաստը։