Մեր հայրենիքի արցախյան հատվածում այսօր 120 հազար հայորդիներ կանգնած են իսկական ցեղասպանության եզրին։ Այդ մասին այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
Նրա խոսքով՝ վերջին շրջանում, հատկապես՝ 2020 թվականի նոյեմբերի իննից հետո ամենօրյա ռեժիմով զոհեր ունենք։
«Ի՞նչ պետք է անենք, որ այլևս երբեք չլինեն ցեղասպանություններ․ նախ, պետք է հասնենք նրան, որ միջազգային հանրությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Ապա պետք է հզորացնենք մեր հայրենիքը, պետք է ուժեղանանք, ունենանք տնտեսապես զարգացած, անվտանգ երկիր, որ ոչ ոքի չթվա, թե կարող են հային ցեղասպանել»,- նշեց նա։
Արթուր Վանեցյանի խոսքով՝ այս ամենին զուգահեռ, հայոց իշխանություններն էլ չեն սպասարկում հայկական շահը, հայ ժողովրդի շահը։
«ՀՀ իշխանությունները սպասարկում են բոլորի շահը բացի Հայաստանի ու Արցախի։ 21-րդ դարում ունենալ փակ սահմաններ, ունենալ թշնամիներ, ունենալ պատերազմ, իհարկե, նորմալ չէ։ Բայց մենք պետք է հասկանանք՝ Թուրքիան ու Ադրբեջանն արդյո՞ք կարող են խաղաղ ապրել մեզ հետ։ Մենք ունենք դեպքեր, երբ ադրբեջանցիները սպանում են մարդուն զուտ նրա համար, որ նա հայ է. Թալիշի դեպքերը, Արցախյան երեք պատերազմների ժամանակ եղած դեպքերը, երբ քաղաքացիական անձանց, տարեցներին սպանում են՝ բացառապես ազգային պատկանելիության համար։ Չեմ կարծում, որ այդ մարդկանց հետ կարող ենք ունենալ որևէ հարաբերություն, քանի դեռ ուժեղ չենք ու չունենք ազգային մտածելակերպ»,- նշեց Արթուր Վանեցյանը։
Հարցին, թե հիմա պե՞տք է ապստամբել՝ հաշվի առնելով սահմանին տիրող վիճակը, Արթուր Վանեցյանն արձագանքեց՝ իսկ ինչ անենք, համակերպվե՞նք, գնանք զոհասեղանի՞ն բոլորս։
Քաղաքական այլ հարցերի Արթուր Վանեցյանը չպատասխանեց։ Նա շեշտեց, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում է՝ հարգելու ցեղասպանության զոհերի հիշատակը։
«Այսօր այս խորհուրդը եկեք չխախտենք»,- ասաց նա։