ՀՀ իշխանությունները պետք է լրջորեն նախապատրաստվեն ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության տարվան. Արամ Սաֆարյան

ՀՀ իշխանությունները պետք է լրջորեն նախապատրաստվեն ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության տարվան. Արամ Սաֆարյան

Պետք է լրջորեն նախապատրաստվել ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության տարվան: Կասկած չկա, որ 10 տարի առաջ ընդունվել է ճիշտ որոշում ԵԱՏՄ մասին Պայմանագրին միանալու վերաբերյալ: Այս մասին ասուլիսում հայտարարեց քաղաքական վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը:

Նրա խոսքով, դա թույլ է տվել մեր երկրին ավելի մեծ չափով բացահայտել իր տնտեսական ներուժը և ապահովել տնտեսության շարունակական զարգացումը, ինչն էլ իր հերթին պետք է որ բարեբեր ազդեցություն ունենա մեր երկրի զարգացման վրա: 

«Շարունակվում է մեր տնտեսության առաջանցիկ զարգացումը, որտեղ կարևորագույն դեր է խաղում Ռուսաստանի և ԵԱՏՄ մյուս երկրների հետ առևտրատնտեսական համագործակցությունը: Աշխարհի առաջատար վերլուծական-վարկանիշային կազմակերպությունները զգուշորեն կանխատեսում են, որ Հայաստանի ՀՆԱ-ն կարող է աճել մոտ 4,5-5%-ով տարվա արդյունքում: Եվրասիական փորձագիտական ակումբը ծրագրում է անցկացնել այս տարվա հուլիս-օգոստոս ամիսներին մասշտաբային տնտեսագիտական հետազոտություն  և մենք ունենք բոլոր հնարավորությունները լավատեսական կանխատեսում անելու համար, որ  կներկայացնենք մի հուսադրող կանխատեսում մեր երկրի տնտեսական զարգացման վերաբերյալ 2023 և 2024թթ.-ին»,- ասաց նա:

Սաֆարյանը՝ ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության տարում, կոչ  արեց ՀՀ  իշխանություններին և գիտափորձագիտական հանրությանը խթանել հասարակական և գիտական բանավեճեր ԵԱՏՄ զարգացման վերաբերյալ: Նրա կարծիքով, անհրաժեշտ է շարունակել նոր, թարմ, հաճախ ոչ ստանդարտ, օրիգինալ որոշումների և մոտեցումների կառուցողական փնտրտուքը, որը կնպաստի եվրասիական ինտեգրացիոն տարածքի զարգացմանն ու ամրապնդմանը: 

«Մենք պետք է հասկանանք, որ գլոբալ տնտեսական մրցակցության դարաշրջանում, քաղաքական անկայունության մթնոլորտում տարածաշրջանային փոխշահավետ տնտեսական համագործակցությունը սկսում է ստանալ հատուկ իմաստ և հանդիսանում է կարևոր երաշխիք ոչ մեծ երկրների իրական, այլ ոչ թե ձևական ինքնիշխանության համար»,- ասաց նա:

Եվրասիական փորձագիտական ակումբը կոչ է անում Հայաստանի իշխանությանը ծավալել երկխոսություն գիտափորձագիտական հանրության հետ, ներգրավել մեր երկրի գիտնականներին և փորձագետներին (ովքեր ներդրում ունեն ինտեգրացիոն գործընթացների հետազոտման գործում), նպատակ ունենալով ապահովել հայկական ուրույն ներդրում եվրասիական ինտեգրման հետագա խորացման ուղիների մեծ փնտրտուքում. “Հայկական գիտափորձագիտական հանրությունը ունի ներուժ եվրասիական հեռանկարների գիտական փնտրտուքին արժանապատվորեն մասնակցելու համար»,- ասաց նա:

Կարևոր է, շարունակեց նա, որ 2024թ. Հայաստանը դառնա այնպիսի նշանակալից միջոցառումների անցկացման հարթակ, որպիսիք են Եվրասիական շաբաթը և ինտեգրման թեմայով միջազգային համաժողովները:   

«Ակնհայտ է, որ մեր հասարակության մի մասը վերջին տարիներին հիասթափվել է եվրասիական ինտեգրման տեմպից և ուղղություններից և այդ գործընթացի, որտեղ լոկոմոտիվ է հանդես գալիս Ռուսաստանը, կողմնակիցների թիվը որոշակիորեն նվազել է: Որպեսզի թույլ չտալ մեր հասարակությանը հեռանալ Ռուսաստանից, 2025թ. հետո թուլացնել ինտեգրման տեմպերը (նկատի ունենալով, որ այդ տարում են հասանելի լինելու կարևոր նպատակակետեր) մենք պարտավոր ենք հրավիրել հայկական երիտասարդության ուշադրությունն ու հետաքրքրությունը, ինչը, զգալի մասով նաև հասարակական-քաղաքական խնդիր է հանդիսանում: Այդ պատճառով էլ, ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության տարում մեր երկիրը պետք է եվրասիական տարածքին և միջազգային հանրությանը ցուցադրի, որ կարող է արժանապատվորեն և նշանակալից կերպով մասնակցել վերոհիշյալ գործընթացներին, օրինակ դառնալ հայ ժողովրդի շահերից և կարիքներից բխող խելացի, հավասարակշռված մասնակցության համար, ինչպես եվրասիական ինտեգրման գործընթացին, այնպես էլ Մեծ Եվրասիայում ընթացող տարածաշրջանային ինտեգրման գործընթացներին»,- հավելեց բանախոսը: