Անորսալի «Կոկո»–ն․ փախուստի դիմած քրեական հեղինակությանը դեռ չեն գտել
Ինչպես արդեն գրել էինք՝ օրերս քրեական հեղինակություն «Ալավերդյանցի Կոկոն»՝ 34-ամյա Կոնստանտին Հունանյանը, փախուստի է դիմել բժշկական կենտրոնից, ուր նրան տեղափոխել էին քրեակատարողական հիմնարկից:
MediaHub-ին Ոստիկանությունից փոխանցեցին, որ փախուստի դիմած Հունանյանին դեռ չեն հայտնաբերել. «Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ»։
Նշենք, որ «Կոկո» մականունը կրող Կոնստանտինը ազատազրկված է սպանության համար: Մասնավորապես, նա ազատազրկվել է 2020 թվականի հունիսի 9-ին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Մայիսի 9-ի փողոցի 9-րդ շենքի բակում «Կյաժ Աշոտ» մականվամբ 28-ամյա Աշոտ Պետրոսյանին հրազենի գործադրմամբ սպանելու մեղադրանքով։
Ի դեպ, մինչ «Կյաժ Աշոտ»-ի սպանությունը Կոնստանտին Հունանյանը՝ «Կոկոն», դատապարտված է եղել ավազակային հարձակում կատարելու համար և ազատ է արձակվել համաներմամբ:
MediaHub-ին որոշ տեղեկություններ են հայտնի դարձել այս դեպքից: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Հունանյանը տևական ժամանակ կրել է ազատազրկումն ԱԱԾ մեկուսարանում, որից հետո տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկներից մեկը, սակայն այնտեղից նրան նորից վերադարձրել են մեկուսարան: Պատճառը կապում են մականունավոր դատապարտյալի անվտանգությանը սպառնալիքի հետ:
Շուրջ մեկ ամիս առաջ նա տեղափոխվել էր «Արթմեդ» բժշկական կենտրոն՝ իբրև թե առողջական խնդիրներով, որտեղից էլ հոկտեմբերի 1-ին նա փախուստի է դիմել: Ասացին՝ նրան հսկող անձնակազմը եղել է կողքի սենյակում, երբ հանցագործին հաջողվել է երկրորդ հարկի պատուհանից ճողոպրել և ազատության մեջ հայտնվել:
Ինչպես ավելի վաղ գրել էինք՝ մեր տեղեկություններով՝ «Կոկո»-ին փնտրում են ոչ միայն ուժայինները, այլև քրեական աշխարհի ներկայացուցիչները: Բայց, ինչպես տեսնում ենք, վատ են փնտրում:
Մարիաննա Արամյան