Քոչարյանի տրագիկոմեդիան

Քոչարյանի տրագիկոմեդիան

Անդրանիկ Քոչարյանը հայտարարում է, թե իբր իր դեմ արշավը պայմանավորված է նրանով, որ իշխանությունը փորձում են ներսից պայթեցնել։

Համաձայնեք՝ համարձակ ու տողատակերով հայտարարություն է:

Ընդ որում, Քոչարյանն ակնարկում է, թե իշխանության ներսում կան թևեր և գզվռտոց: Լեգիտիմ հարց է առաջանում, թե ովքե՞ր են Քոչարյանի ակնարկած «պայթեցնողները» կամ ի՞նչ կապ ունի նրանց հետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ ՔՊ-ում տարածված կարծիքի՝ Անդրանիկ Քոչարյանն ինքն է ինտրիգների և խարդավանքների միջոցով փորձել իշխանության ներսում մեծացնել իր կադրային և ինստիտուցիոնալ կշիռը:

Ենթադրվում է, որ այդ մասին զեկուցել են Փաշինյանին, ով, իր հերթին, կուսակցության ներսում որոշել է պայքար սկսել Անդրանիկ Քոչարյանի դեմ:

Եթե այս վարկածը ճիշտ է, ապա ստացվում է, որ ոչ թե իշխանությունն է «ներսից պայթեցվել», այլ Փաշինյանի հանձնարարությամբ «պայթեցվում» է հենց Քոչարյանը:

Իհարկե, տեսականորեն չի բացառվում, որ Փաշինյանը 2026-ի ընտրություններից առաջ ավելի բարդ խաղ է հասունացնում՝ ՔՊ-ի տարբեր թևերի միջև գզվռտոց հրահրելով՝ նա մոդեռատորի կամ դատավորի ֆունկցիա է իրականացնում:

Պերսոնիզացված ավտորիտար համակարգերը նման հատկություն ունեն՝ ընտրություններից առաջ ներսում վերադասավորումներ են անում, ինչի հետևանքով ոմանք «ֆիլտրվում» են, մյուսների «աստղը բացվում» է:

Թերևս, եկել է Քոչարյանի «ֆիլտրվելու» ժամանակը:

Սուրեն Սուրենյանց