Օսիեկը ջախջախել է Սլավենին․ Ստյոպա Մկրտչյանը նորամուտն է նշել Խորվաթիայի առաջնությունում

Օսիեկը ջախջախել է Սլավենին․ Ստյոպա Մկրտչյանը նորամուտն է նշել Խորվաթիայի առաջնությունում

Խորվաթիայի առաջնության առաջին տուրում Օսիեկ քաղաքի համանուն թիմը 6։1 հաշվով ջախջախել է «Սլավենին»։

Armsport-ի հաղորդմամբ՝ «Օսիեկի» կազմում աչքի են ընկել 6 տարբեր ֆուտբոլիստներ։ Տանտերերը խաղակեսերից յուրաքանչյուրում 3-ական գոլ են խփել։ Միակ գոլը բաց են թողել 29-րդ րոպեին։

«Օսիեկի» կազմում իր նորամուտն է նշել Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը։ 20-ամյա կենտրոնական պաշտպանը, որը վարձակալական հիմունքներով է տեղափոխվել խորվաթական թիմ, փոխարինման է մտել հանդիպման 78-րդ րոպեին՝ 5։1 հաշվի ժամանակ։

Հյուրերը հանդիպման վերջնամասում չեն կարողացել դիպուկ իրացնել 11 մետրանոցը, որը նշանակվել է Ստյոպա Մկրտչյանի՝ սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղի համար։ VAR-ի միջամտությամբ նշանակվել է 11 մետրանոց, սակայն «Սլավենի» ֆուտբոլիստի հարվածից հետո գնդակն անդրադարձել է ուղղահայաց դարպասաձողից։

«Օսիեկը» հաջորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 27-ին՝ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում հյուրընկալելով հունգարական «Զալաէգերսեգին»։