Չլինել անտարբեր. ի՞նչ է կատարվում Սիրիայում
Ժամեր առաջ լուր տարածվեց, որ Իսրայելը մի քանի ավիահարվածներ է հասցրել Սիրիայի արևմուտքում գտնվող տարածքներին, որտեղ տեղակայված է նաև ռուսական բազա: Ավելի ուշ Իսրայելի պետական լրատվամիջոցները հաստատել են հարձակումը, սակայն մանրամասներ չեն հաղորդվել։
Իսլամական դիմադրության շարժման տելեգրամյան ալիքներն էլ գրում են, որ սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերը «ակտիվորեն դիմակայել են թշնամու թիրախներին Լաթաքիայում, Ջեբլայում և Տարտուսում ավելի քան 40 րոպե»։
Սիրիա հեռուստաընկերության լրագրող Աբդուլլահ ալ-Մուսան նշում է, որ իսրայելական հարձակումն ուղղված է եղել ռուսական Խմեյմիմ բազայի ներսում գտնվող պահեստին, սակայն, մինչ այսօր ռուսական ռազմակայանը երբեք չի եղել այդ հարձակումների թիրախ:
Ի՞նչ իրավիճակ է այս պահին Սիրիայում և հատկապես տեղի հայերի շրջանում. MediaHub-ը զրուցեց Սիրիայի խորհրդարանի նախկին հայազգի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանի հետ:
«Տարածաշրջանի վերջին իրադարձությունների հաջորդական զարգացումները պարզ է, որ մտահոգել են շատերին, բոլորիս: Քանի որ դրանք ցնցում են կյանքի կայուն ընթացքը, սպառնում խաղաղությանը և մարդկային ապահով կյանքի իրավունքին, բռնաբարվում են երկրների պաշտոնական սահմանները: Հարձակումների հետևանքով գրանցվում են անմեղ զոհեր, նահատակներ, հսկայական թվով վիրավորներ: Ականատես ենք լինում ավերումների, անճար գաղթական դարձած մարդկային հոսքի...»,- ասաց Ռեիսյանը:
Շարունակելով խոսքը, նա նշեց. «Բնականաբար, չի կարելի անտարբեր լինել այս ամենին, մանավանդ, որ այս իրավիճակը անմիջապես մեր ապրած երկրներում է տեղի ունենում, տարածաշրջանում, որի սահմաններին անցուդարձը պետք չէ հեռու համարել: Պետք է հիշել մեր հայրենիքի ամբողջական անվտանգության մասին ևս, չմոռանալով դրանում նաև Արցախյան ավետը»:
Հարցին, թե ի՞նչ վիճակում են սիրիահայերը այս պահին, ինչպիսի՞ն է նրանց առօրյան, պատգամավորը հայտնեց, որ այս պահին ամեն բան հանգիստ է.
«Ոչ մի մասով խաթարված գործունեություն չկա՝ եկեղեցին, դպրոցը, ակումբը, մարզական, միութենական կենտրոնները գործում են օրվա պլանների շրջանակներում, բայց, անշուշտ, տարբերություն կա, թեկուզ հենց աշխատանքային պայմաններում: Քանի որ երբեմն դա կարող է լինել կողքիդ վառվող շենքի հրդեհի կայծերի ներքո: Համենայնդեպս, թեև այս պահին անվնաս է, բայց հարկ է լինել ուշադիր, հեռատես, շրջահայաց ամենուրեք: Լինել ձեռք-ձեռքի, կողք-կողքի՝ թե՛ սփյուռքում, թե՛ հայրենիքի ներսում պահելու համար մեր գոյերթը»,- եզրափակեց Ռեիսյանը:
Ռեբեկա Հովհաննիսյան