38 տարի բանտում անցկացրած ամերիկացին ԴՆԹ թեստի շնորհիվ ազատ է արձակվել

 38 տարի բանտում անցկացրած ամերիկացին ԴՆԹ թեստի շնորհիվ ազատ է արձակվել

Սպանության համար գրեթե 40 տարի բանտում անցկացրած ամերիկացին ԴՆԹ թեստի արդյունքից հետո ազատ է արձակվել:

Մորիս Հասթինգսը ավելի քան 38 տարի անցկացրել է նահանգային բանտում՝ 1983 թվականին Կալիֆորնիայում տեղի ունեցած Ռոբերտա Վիդերմայերի սպանության, ինչպես նաեւ երկու սպանության փորձի համար:

Սակայն ԴՆԹ-ի նոր ապացույցներ են ի հայտ եկել, որոնց համաձայն՝ սպանությունը կատարել է մեկ այլ մարդ, ով 2020 թվականին բանտում մահացել է:

1988 թվականի հոկտեմբերի 20-ին կայացված դատավճիռը չեղարկվել է եւ 69-ամյա Հասթինգսը ազատ է արձակվել: Լոս Անջելեսի շրջանային դատախազ Ջորջ Գասկոնն իրավիճակն անվանել է «սարսափելի անարդարություն»։

«Արդարադատության համակարգը կատարյալ չէ, եւ երբ մենք տեղեկանում ենք նոր ապացույցներին, որոնք մեզ ստիպում են կորցնել վստահությունը դատավճռի նկատմամբ, պետք է արագ գործենք», - հավելել է նա:

Ռոբերտա Վիդերմայերին, գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքով, հայտնաբերել են իր մեքենայի բեռնախցիկում՝ 1983թվականին. կինը նախկինում սեռական ոտնձգության էր ենթարկվել։

Հետագայում սպանության համար մեղադրել են Հասթինգսին, եւ դատախազները մահապատիժ են խնդրել:

Երդվյալ ատենակալները նրան մեղավոր են ճանաչել, իսկ 1988 թվականին նա դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորության։

Տուժածի դիահերձման ժամանակ բերանի խոռոչում սերմնահեղուկ է հայտնաբերվել։ Հասթինգսը, ով ձերբակալվելուց ի վեր պնդել է, որ անմեղ է, 2000 թվականին ցանկացել է ԴՆԹ թեստ անցկացնել, սակայն շրջանի դատախազը մերժել է:

Ի վերջո, 2021 թվականին նա կարողացել է անմեղության հայտ ներկայացնել դատապարտումների վերանայման բաժին, իսկ հունիսին ԴՆԹ թեստը ցույց է տվել, որ դա նրա սերմնահեղուկը չէ: ԴՆԹ-ն համընկել է մի տղամարդու հետ, ով դատապարտվել էր զինված առեւանգման համար:

«Ես երկար տարիներ աղոթել եմ այս օրվա համար: Պարզապես ցանկանում եմ վայելել իմ կյանքը քանի դեռ ապրում եմ», - Հասթինգսի խոսքերը մեջբերել է AP լրատվական գործակալությունը: