Թուրքիան ձգտում է Հունաստանի հետ վեճերի խաղաղ կարգավորմանը. ՊՆ

Անկարան հանդես է գալիս Աթենքի հետ ակտիվ երկխոսության օգտին և բարեկամության ձեռք է մեկնում հունական կողմին։ Թուրքիան ձգտում է ապահովել, որ Անկարայի և Աթենքի միջև առկա տարաձայնությունները լուծվեն խաղաղ ճանապարհով։ Այս մասին ասել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ տեսակապով դիմելով Միջերկրական ծովում Mavi Vatan 2022 («Կապույտ հայրենիք») զորավարժությունների մասնակիցներին։
«Թող ոչ- ոք չկասկածի, որ Թուրքիան միշտ մեկ քայլ առաջ է լինելու խաղաղության ճանապարհին: Մեր նպատակն է կիսել Էգեյան ծովի ողջ հարստությունը արդար հիմունքներով: Էգեյան ծովը բարեկամության ծով է: Թուրքիան ձգտում է դրան: Մենք անկեղծորեն բարեկամության ձեռք ենք մեկնում մեր հարևան Հունաստանին», - ասել է նա: Նրա խոսքերը մեջբերում է Anadolu գործակալությունը։
Նրա խոսքով, Աթենքի հետ հարաբերություններում Անկարան ելնում է միջազգային իրավունքի հանդեպ հարգանքից և մշտապես հանդես է գալիս բարիդրացիության սկզբունքի գերակայության օգտին:
Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավարն ընդգծել է երկու երկրների միջև երկխոսության զարգացման կարևւորությունը։ Միաժամանակ նա հունական կողմին կոչ է արել ավելի ակտիվ քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ։
«Մեր հարեւանները չափազանց դանդաղ քայլեր են անում երկխոսության գործընթացում։ Ակնկալում ենք, որ նրանք մի փոքր ավելի ակտիվ կլինեն»,- մասնավորապես ասել է Աքարը։
Նա բարձր է գնահատել Թուրքիայի և Հունաստանի պաշտպանության նախարարությունների պատվիրակությունների միջև վստահության միջոցների ամրապնդման շուրջ բանակցությունները։ Նրա խոսքով, Անկարան ակնկալում է հունական կողմի հետ բանակցությունների չորրորդ փուլը։
Միաժամանակ ՊՆ ղեկավարը քննադատել է Հունաստանի իշխանությունների մի շարք ներկայացուցիչների կողմից Թուրքիայի դեմ ուղղված սադրիչ գործողություններն ու հայտարարությունները։ «Նման սադրիչ գործողություններն ու հայտարարությունները բացասաբար են անդրադառնում երկու երկրների հարաբերությունների վրա»,- զգուշացրել է նա։
Նախարարը նաև մատնանշել է երկու երկրների զինվորականների միջև երկխոսության բաց ուղիների պահպանման կարևորությունը։