Ազատի կացարանի հրդեհի գործով մեղադրվող մայորի կալանքի ժամկետը երկարաձգվել է երկու ամսով․ Նորիկյան
«Իմ հավաստի տեղեկություններով՝ Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով մեղադրյալ, զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, զորամասի հակահրդեհային պաշտպանության և փրկարար աշխատանքների ծառայության պետ, մայոր Մ.Ս.-ի կալանքի ժամկետն այսօր երկարաձգվել է երկու ամսով», - այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է հրդեհի հետեւանքով զոհված զինծառայողների ծնողների ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը։
«Միաժամանակ, դիմելով սույն գործով մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձանց և պաշտպանության կողմին, հարկ եմ համարում արձանագրել հետևյալը․ Եթե ունեք կոնկրետ փաստեր ու տեղեկություններ, որ սույն գործով կան բարձրաստիճան պաշտոնյաներ ու զինվորականներ, որոնք որևէ կապ ունեն այս ողբերգության հետ և ըստ Ձեզ, մեղավոր են, իրականացրել են այնպիսի գործողություններ, որի արդյունքում տեղի է ունեցել այս հանցագործությանը, որպես տուժողների լիազոր ներկայացուցիչ, հորդորում եմ հրապարակել այդ բարձրաստիճան պաշտոնյաների ու զինվորականների անուն-ազգանունները, անկախ նրանից, թե ովքեր են այդ անձինք։
Մեկ անգամ ևս պատասխանատու կերպով հայտարարում եմ․ Տուժողներն այս գործով գնալու են մինչև վերջ, և բոլոր պատասխանատուները, անկախ նրանից, թե ովքեր են, կրելու են իրենց արժանի պատիժը․․․․»,- գրել է նա։