Լիբանանցիները շարունակում են uպանվել Իսրայելի ձեռքով՝ գերտերությունների լուռ համաձայնությամբ

Գիշերը ծանր է եղել Կենտրոնական Բեյրութում։ MediaHub-ի զրուցակից Գրիգոր-Զոհրապ Խաչատուրյանն ասաց, որ հայերը հիմնականում ապրում են Բեյրութի կենտրոնում, այնտեղ է գտնվում նաև Հայոց Սուրբ Նշան եկեղեցին։
«Բարեբախտաբար, հարձակումներից եկեղեցին չի վնասվել, ունենք առնվազն 5 զոհ և 18 վիրավոր, իմ ունեցած տվյալներով՝ նրանց մեջ հայեր չկան»։
Նրա խոսքով՝ Իսրայելն անթաքույց փորձում է վերացնել Լիբանանը։ Դա է պատճառը, որ անցած գիշեր թիրախում է հայտնվել նաև Լիբանանի խորհրդարանը, արկերը պայթել են Ազգային ժողովի շենքից ոչ հեռու։ Իսրայելական անօդաչու թռչող սարքի ռմբակոծման հետևանքով Մեծ հրդեհ է բռնկվել կենտրոնական Բեյրութի Մար Իլիաս շրջանում։
«Պատերազմից ի վեր կենտրոնական Բեյրութի վրա սա փաստորեն 7-րդ հարձակումն է, գիշերը տեղի ունեցածը ցեղասպանություն էր։ Հրթիռակոծությունը չէր դադարում, ընտանիքներ են մահանում, երեխաներ, ծերեր։ Իսրայելի նպատակն էր թիրախավորել դիմադրության ղեկավարներից մեկին, որը հարավային Լիբանանի ռազմաճակատի ղեկավարն է»,- ասաց նա։
Խաչատուրյանը նաև նշեց, որ պատերազմի ավարտն ազդարարող որևէ քայլ ու գործողություն չկան։ «Թունելի վերջում լույսը դեռ չի երևում։ Լիբանանցիները շարունակում են սպանվել Իսրայելի ձեռքով՝ գերտերությունների լուռ համաձայնությամբ»,- հավելեց Լիբանանում ապրող մեր հայրենակիցը։
Լուսանկարում՝ անցած գիշեր սպանված խաղաղ բնակիչներն են
Հունան Թադևոսյան