Մերգելյանի այգին քանդեցին ու վե՞րջ

Մերգելյանի այգին քանդեցին ու վե՞րջ

MediaHub.am-ն այսօր մի քանի զանգ է ստացել քաղաքացիներից, որոնք նշում են, թե Մերգելյանի այգին, որտեղ ամիսներ շարունակ շինարարական աշխատանքներ են ընթանում և որը կիսաքանդ վիճակում է, ինչ-որ փուլից սկսած այնտեղ դադարեցվել են աշխատանքները, իսկ երբեմնի գեղեցիկ այգին նմանվել է աղբանոցի։

«Հերթական անգամ գործը կիսատ են թողել, մեզ էլ մնում է էս քարուքանդ վիճակը հանդուրժելը»,- մեզ հետ զրույցում ասաց քաղաքացիներից մեկը։

Հարցին, թե արդյո՞ք որևէ հիմնավորում չի ներկայացվել, թե ինչու են աշխատանքները կանգնեցվել, քաղաքացին պատասխանեց, թե շշուկներ կան, որ ֆինանսավորողը, որը հանձն էր առել այգու բարեկարգումը, որոշել է հետ կանգնել ծրագրից։

Երևանի քաղաքապետարանից այլ կերպ են արձագանքում հարցին, թեև խոստովանում են, որ աշխատանքները կանգնեցվել են։

«Աշխատանքները չեն չեղարկվել, պարզապես նախնական աշխատանքների իրականացումից հետո՝ տարածքի մաքրում, քանդման աշխատանքներ, սկսել ենք վերջնական փաթեթը քննարկել։ Այսինքն՝ երկու վարչությունները, որոնք զբաղվում են հարցով, այժմ քննարկումներ են իրականացնում՝ հասկանալու, թե ինչպես են շարունակվելու աշխատանքները։ Մի քանի օրից փաթեթը պատրաստ կլինի ու կներկայացվի հաստատման։ Դրանից անմիջապես հետո կսկսվեն շինարարական աշխատանքները»,- մեկնաբանեցին Երևանի քաղաքապետարանի լրատվական բաժնից։

Ի դեպ, մեզ ահազանգած քաղաքացիներից մեկը այս ամենում նաև քաղաքական ենթատեքստ է տեսնում, ասում է՝ դիտավորյալ են հիմա դադարեցրել աշխատանքները, որպեսզի սեպտեմբերյան ընտրություններից առաջ մեծ թափով սկսեն աշխատել, Տիգրան Ավինյանը գա, իրենց  հայտարարի, թե տեսեք, ձեր մասին ենք մտածում, այգի ենք բարեկարգում, որ կանաչ տարածք ունենաք:

Նարե Գնունի