Արցախի պատգամավորները հանդիպելու են Գարեգին Երկրորդին

Արցախի պատգամավորները հանդիպելու են Գարեգին Երկրորդին

Երկու օր է, ինչ Հայաստանում է Արցախից ժամանած ինը հոգանոց պատգամավորական պատվիրակությունը։ 

Ի՞նչ օրակարգով են արցախցի պատգամավորներն այստեղ․ թեմայի շուրջ MediaHub.am-ը զրուցել է Արցախի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի հետ։ Վերջինս նշեց, որ ինը հոգանոց խումբ է Արցախից եկել Հայաստան, քննարկման թեման Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ ամբիոնից հնչեցրած հայտարարությունն է, թե ինքը ստորագրելու է մի փաստաթուղթ, որի համար իրեն կարող է դավաճան կոչեն։ «Արցախահայությանը մտահոգել է այդ հայտարարությունը, մեզ մոտ ակցիաներ են, մարդիկ փողոց են դուրս գալիս, որևէ մեկը չի համակերպվելու Արցախը՝ Ադրբեջանի կազմում տեսնելու հետ»,- ասաց Գալստյանը։ 

Նա նշեց, որ այսօր իրենք հանդիպում են ունենալու Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ.

«Երեկ հանդիպել ենք Ալեն Սիմոնյանին, Արարատ Միրզոյանին, ասօր էլ կաթողիկոսի հետ հանդիպում է սպասվում»,- նշեց Դավիթ Գալստյանը։ Հարցին, թե ՀՀ առաջին, երկրորդ և երրորդ նախագահներից որևէ մեկի հետ հանդիպում նախատեսվո՞ւմ է, Գալստյանը պատասխանեց՝ նման պայմանավորվածություն չկա։

Նարե Գնունի