Հայաստանի ո՞ր տեսարժան վայրերում անցկացնել ամառը. Արմաղան լեռ (լուսանկարներ)

Հայաստանի ո՞ր տեսարժան վայրերում անցկացնել ամառը. Արմաղան լեռ  (լուսանկարներ)

MediaHub.am-ն իր հետևորդների ուշադրությանն է ներկայացնում Հայաստանի յուրօրինակ տեսարժան վայրերը, որտեղ կարելի է այցելել 2022 թ-ի ամռանը: Շարքի առաջին տեսարժան վայրը՝ Արմաղան լեռն է։

Վայրը` Գեղարքունիքի մարզ
Երևանից` 136կմ/2ժ
Բարձրությունը` 2829 մ


Արմաղան լեռան գագաթին է գտնվում 50 մ տրամագծով և 15 մ խորությամբ Քարի փոքր լիճը։ Լեռնագագաթը Գեղամա լեռնաշղթայում է։ Գագաթային մասում ունի հրաբխային խառնարան, որը մասամբ լցված է ջրով։ Փոքրիկ լճակը շրջապատված է ալպիական բուսածածկով։



Լեռնակերտի ու Մադինայի բնակիչները հին խորհրդային «Վիլիսներ» ու «Նիվաներ» ունեն և ասում են, որ ուրիշ մեքենա իրենց մոտ պարզապես չի դիմանա: Արմաղան լեռը բարձրանալը հեշտ չէ, սակայն երբ հասնում ես գագաթին, բնությունը լիուլի վարձահատույց է լինում ծախսած ջանքերիդ համար:

Լեռան ձգողական ուժով ու հիասքանչ շրջակայքով դյութված` ժամանակը շատ արագ է անցնում: Սակայն պետք է շուտ սկսել վայրէջքը, մութն ընկնելուց առնվազն երկու ժամ առաջ:
Տեղացիներն ասում են, որ Արմաղան լեռն Աստծո պարգև է, և մեկ անգամ այնտեղ եղածները վարակվում են նրանով և անպայման նորից այցելում:

2009 թվականին լեռնագագաթին՝ հին մատուռի տեղում, կառուցվել է սրբատաշ, բազալտե, գմբեթավոր եկեղեցի։ Ըստ ավանդույթի՝ երբեմն երկնային փերիներն իջնում են Քարի լճից ջուր խմելու, և որպեսզի մնան մարդկանց անտեսանելի, այդ պահին լեռնագագաթն ամբողջությամբ մառախուղով է պատվում։