«Բերետավորներին մտցնելու եմ գյուղ»․ ինչո՞վ է Կիրանցի բնակիչներին uպառնացել Փաշինյանը

«Բերետավորներին մտցնելու եմ գյուղ»․ ինչո՞վ է Կիրանցի բնակիչներին uպառնացել Փաշինյանը

Երկու օր առաջ Նիկոլ Փաշինյանը Կառավարության շենքում հյուրընկալեց սահմանամերձ Կիրանցի մի քանի բնակչի՝ նրանց ներկայացնելու առաջիկա անելիքները և այն ամենը, ինչ կատարվելու է գյուղի շուրջ։

Արդեն հայտնել ենք, որ Փաշինյանը ոչ մի հույս չի տվել գյուղի բնակիչներին, ասել է, որ հստակ չէ՝ ինչ քարտեզով և ինչպես է իրականացվելու սահմանազատումը, բայց և նշել է, որ, հնարավոր է, գյուղի մի քանի տուն մնա ադրբեջանական կողմում։ Նաև նշել էինք, որ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Կիրանցի բնակիչները թևաթափ եղած ու հուսահատված էին դուրս եկել։

«Ո՛չ մի երաշխիք չտվեց, ո՛չ մի հույս չկար իր խոսքում։ Ոնց որ որբի գլուխ լինենք, իր խոսքն էլ էն մասին էր, որ պիտի համաձայնենք, այլ տարբերակ չկա»,- պատմեց մեզ Կիրանցի բնակիչներից մեկը։

Նա նշեց, որ որևէ հստակ պատասխան, անվտանգային որևէ երաշխիք իրենց չի տրվել։ Ադրբեջանցին չի՞ կրակի, եթե արդեն հստակ սահման լինի, Փաշինյանը ոչ մի ուղիղ պատասխան չի տվել։

«Կարող է կրակի, կարող է՝ ոչ»,- այս բովանդակությամբ է եղել Կառավարության գլխի պատասխանը։

Բացի այդ, Փաշինյանը նաև գյուղացիներին սպառնացել է, թե եթե շարունակեն Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակ պահել, ապա բերետավորներին կլցնի գյուղ ու ուժի կիրառմամբ կբացվի ճանապարհը։

«Դրանից հետո որոշել ենք, որ և՛ այս ճանապարհն ենք փակ պահելու, և՛ դաշտամիջյանը։ Թող հասկանա, որ սպառնալով մեզ չի կանգնեցնի»,- նշեց մեր զրուցակիցը։

Նշենք, որ արդեն շուրջ երկու շաբաթ է, ինչ փակ է Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհը։ Կիրանցի բնակիչներն օր ու գիշեր փողոցում են անցկացնում՝ այդկերպ իրենց անհամաձայնությունը հայտնելով Նիկոլ Փաշինյանի իշխանության վարած քաղաքականությանը։ Իրավիճակը շարունակում է լարված մնալ:

Նարե Գնունի