«Մաուզերիստ» Գագոն

«Մաուզերիստ» Գագոն

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 
«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ԱԺ ՔՊ խմբակցության անդամ Գագիկ Մելքոնյանն է, ով մի կարճ հարցազրույցի առնվազն երկու դրվագում զարգացրել է Նիկոլ Փաշինյանի վտանգավոր թեզերը։

Ո՞վ էր «ուտում» ՊՆ «թիկունքը»

Գագիկ Մելքոնյանն ամենագետ է ու երբ լրագրողները մոտենում են նրան, վերջինս միանգամից պատրաստի դեղատոմսեր է առաջարկում տարբեր հարցերի լուծման համար։
Օրինակ, սույն պաշտոնաթող գեներալը «լուծում» ունի հումանիտար ճգնաժամի ճիրաններում հայտնված արցախցիների համար։
Իսկ արդյոք հեշտ է ուղիղ սպառնալիքի, գնդակոծության ներքո մնալ Արցախում՝ հարցրել է լրագրողը, Մելքոնյանը պատասխանել է. «Զոռով բերանս մի բացեք էլի, իրանց գործն է՝ կմնան, չեն մնա, իրանց խնդիրն է»:
Դե, եթե Փաշինյանը «ձեռքերը լվացրել» է Արցախից, միանգամայն տրամաբանական է Գագիկ Մելքոնյանի պատասխանը, իսկը՝ իրենց «սրտի վարչապետի» «գծի մեջ»։
Բայց Գագիկ Մելքոնյանն իրեն դավաճանած կլիներ, եթե այս հարցազրույցում չանդրադառնար «նախկիններին»։ «Ով ա նման բան ասում, մենք հիմա կանգնենք ասենք, թե ինչեր ենք անում արցախցիների համար: Մեզ չի սազում, դա մեր պարտքն է: Մենք ընդդիմադիրների նման չենք, ովքեր երկիրը ուզում են քանդեն: Թուրքը էդքան վնաս չի տալիս, ինչքան իրանք են տալիս»,- ասել է խրոխտ գեներալը:
Այստեղ էլ նա հավատարիմ է Նիկոլ Փաշինյանին, այս դեպքում՝ հասարակությանը պառակտելու, տոտալ ու գռեհիկ ատելություն տարածելու հարցում։

Մեր «մշտական հաճախորդը»

Գագիկ Մելքոնյանը, բառացիորեն ցանկացած հարցազրույցից հետո, կարող է հայտնվել մեր այս խորագրում, որովհետև նա Նիկոլ Փաշինյանի այն «ծառաներից» է, որը նաև անգրագետ է ու մտքի այնպիսի «գոհարներ» է շաղ տալիս, որ դառնում է նկատելի։
Բացի այդ, «նախկիններին» այդքան կրքոտ քննադատող այս պարոնը նախկինում եղել է ՊՆ թիկունքի պետը ու ասում են՝ անտարբեր չի եղել կյանքի «բարիքների» հանդեպ։

Վահրամ Բագրատյան