ԱՊՀ երկրները հաստատել են Միասնական գիտական տարածքի ստեղծման մասին համաձայնագրի փոփոխությունները

ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարները կայացած նիստում հավանության են արժանացրել Միասնական գիտատեխնոլոգիական տարածքի ստեղծման մասին համաձայնագրում նախատեսվող փոփոխությունները: Այս մասին ուրբաթ հայտնել է ԱՊՀ Գործադիր կոմիտեի մամուլի ծառայությունը:
«Փաստաթուղթը տարիներ առաջ է ընդունվել եւ արդիականացման կարիք ուներ՝ գիտության, տեխնոլոգիաների, նորարարությունների զարգացման ժամանակակից պայմաններին համապատասխան»,- ասվում է հաղորդագրությունների մեջ:
Ինչպես հայտնում են մամուլի ծառայությունից, համաձայնագիրը համալրվել է նոր դրույթներով, որոնք առնչվում են գիտատեխնիկական, տեխնոլոգիական եւ ինովացիոն ոլորտներում միջպետական համագործակցության համակարգի ձեւավորմանը, այդ ոլորտներում ինտեգրման խորացմանը, գիտական, գիտատեխնիկական, տեխնոլոգիական եւ ինովացիոն նախագծերի մշակմանը եւ իրագործմանը:
Տեղեկատվական անվտանգության ապահովում
ԱՊՀ երկրների կառավարութունների ղեկավարների կողմից հաստատվել է մինչեւ 2030 թվականը տեղեկատվական անվտանգության ապահովման ռազմավարության իրականացմանն ուղղված առաջնային միջոցառումների իրականացման ծրագիրը:
Գործադիր կոմիտեից հավելել են, որ ծրագիրը հաշվի է առնում արդեն իսկ գոյություն ունեցող մոտեցումները եւ լավագույն պրակտիկան, որը մշակվել է տվյալ ոլորտում: Ակնկալվում է, որ դա թույլ կտա ապահովել ԱՊՀ երկրների իրավասու եւ շահագրգռված մարմինների համաձայնեցված գործողությունները: Գործադիր կոմիտեի տվյալներով՝ աշխատանքը ղեկավարելու է կապի հարցերով տարածաշրջանային համագործակցությանն առընթեր համակարգող խորհուրդը:
«Միջոցառումների ծրագրի ընդունումը թույլ կտա համակարգային հիմք ստեղծել տեղեկատվական անվտանգության ապահովման պետական քաղաքականության կատարելագործման համար: Դրա դրույթների իրագործումը, որոնք ուղղված են տեղեկատվական ոլորտում շահերի պաշտպանությանը, թույլ կտա պայմաններ ապահովել՝ դիմակայելու համապատասխան մարտահրավերներին եւ սպառնալիքներին»,- հավելել են գերատեսչությունից:
Կենսաանվտանգությունն ԱՊՀ-ում
Բացի այդ, ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարները փաստաթուղթ են ընդունել կենսաանվտանգության ապահովման ոլորտում համագործակցության մասին:
Մանսավորապես, համաձայնագիր է ստորագրվել կենսաբանական նյութերի փոխանակման մասին:
Այդ համաձայնագրից բացի, կառավարությունների ղեկավարները ԱՊՀ երկրների համատեղ գործողությունների փաթեթ են հաստատել՝ ուղղված մինչեւ 2026 թվականը գյուղատնտեսական կենդանիների վերարտադրման ժամանակ գենետիկ նյութերի կենսաանվտանգության ապահովմանը:
Ընդհանուր առմամբ, Համագործակցության երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում 10 փաստաթուղթ է ընդունվել:
Նիստն ուրբաթ կայացել է տեսաժողովի ձեւաչափով: