Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Լատվիայի նախագահ Էգիլս Լեւիցին

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Լատվիայի նախագահ Էգիլս Լեւիցին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում շարունակում է երկկողմ հանդիպումներ ունենալ արտերկրի գործընկերների հետ: Փետրվարի 18-ին Նիկոլ Փաշինյանը նախ հանդիպել է Լատվիայի նախագահ Էգիլս Լեւիցին: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմից։

Զրուցակիցները քննարկել են հայ-լատվիական հարաբերություններին, ինչպես նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր:

 Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումներին եւ կարեւորել Եվրոպական միության շարունակական աջակցությունը` դրանք արդյունավետ կյանքի կոչելու գործում: Վարչապետը նշել է, որ ժողովրդավարության զարգացումն ու ամրապնդումը ՀՀ կառավարության համար ունի ռազմավարական նշանակություն:

Նիկոլ Փաշինյանը եւ Էգիլս Լեւիցին մտքեր են փոխանակել նաեւ Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների, ԼՂ հիմնախնդրի շուրջ:

Երկուստեք կարեւորվել է Եվրոպական միության քաղաքացիական առաքելության գործունեությունը մեր երկրում: Կողմերը հույս են հայտնել, որ այն կնպաստի կայունությանն ու խաղաղությանը: