Հիմա ի՞նչ, պետք է ՊՆ-ն էլ զինվորներին իջեցնի դիրքերից, պետական սահման չպահե՞նք

Հիմա ի՞նչ, պետք է ՊՆ-ն էլ զինվորներին իջեցնի դիրքերից, պետական սահման չպահե՞նք

Ձյան առատ տեղումների պատճառով որպես խնդրի լուծում՝ ՀՀ ԿԳՄՍՆ-ն հայտարարել է, որ դպրոցները փակ կլինեն՝ արձակուրդների հաշվին։ Սա զարմանք է առաջացրել թե՛ ուսուցիչների և թե՛ մտահոգ քաղաքացիների շրջանում, այն դեպքում, երբ քաղաքապետարանը հայտարարում է, թե «տրանսպորտը կանոնավոր աշխատում է, ձյան մաքրման աշխատանքերը շուրջօրյա բնույթ են կրում, աղի ու ավազի մշակմամբ խառնուրդ է ցանվում ճանապարհահատվածներում ու փողոցներում»։ 

«Այսինքն, այստեղ կարևորը ջեռուցման հարցը պետք է լինի, որն իրապես խնդիր չէ։ Կրթօջախները ջեռուցվում են, հոսանքի տատանումներ չկան։ Երևանի բարձրադիր գոտիներում տեղացած  ձյան շերտը չի գերազանցում 30 սմ-ը։ Ձյան պատճառով պե՞տք էր դադարեցնել դասապրոցեսը։ Հիմա ի՞նչ, պետք է ՊՆ-ն էլ, որպես իր մասով «խնդրի» լուծում, զինվորներին իջեցնի դիրքերից, պետական սահման չպահենք, մինչև ձյունն ինքն իրեն հալվի՞»,- զարմանում է Ստեփանակերտից տեղահանված ուսուցչուհի Անահիտ Բարսեղյանը, ապա հիշում այն ժամանակահատվածը, երբ Արցախում կես մետր տեղացած ձյան պայմաններում Շուշիից ադրբեջանցիները դադարեցրեցին Ստեփանակերտի գազամատակարարումը։ 

«Ի՞նչ արեցինք մենք։ Գազ չկար, հոսանքը հովհարային էր, չկար փոխադրամիջոց։ Մտածեցինք այլընտրանքի մասին ու դասարանները ջեռուցեցինք վառելափայտով, քիչ քանակով փայտ ունեինք։ Մենք պայքարեցինք բոլոր հնարավոր ու անհնարին միջոցներով, հաղթահարելով ամեն տեսակի դժվարություններ, երբեք չմտածելով հայրենիք լքելու և տաք անկյուններում ապրելու մասին։ Կրթությունն այդ օրերին առաջնային տեղում էր։ Ձյան տեղումը աղետ չէ, արհավիրք չէ, ձմեռ է, բնական է, որ տեղումներ լինելու են»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է նա։

Մեր զրուցակիցն այժմ դասավանդում է Երևանի դպրոցներից մեկում։ Վաղուց հարմարվել է նոր կոլեկտիվին, նոր միջավայրին։

«Ես ծայրահեղական հայրենակից չեմ, ինձ համար հայը նույնն է՝ անկախ իր բնակության վայրից։ Ուղղակի ընկալման խնդիր կա։ Երբ ասում ենք՝ Արցախը հայ պահելու համար մենք այսքան փորձություն ենք հաղթահարել, կան մարդիկ, որ մեզ չեն հասկանում, երգում են նույն երգը՝ «մնայիք՝ պահեիք, ինչի՞ եք եկել»։ Հիմա թեթև ձյուն է եկել, տանն ենք, որովհետև պատրաստ չենք նույնիսկ այս մի փոքր դժվարությունը հաղթահարելու»,- հավելեց նա։

Հունան Թադևոսյան