Մենք չգիտենք հորս հետ ամեն ինչ լավ է, թե ոչ․ Ռաշիդ Բեգլարյանի որդի

Այն, որ Ադրբեջանի օմբուդսմենի ներկայացուցիչներն այցելել են հորս, ոչինչ չի նշանակում, մենք չգիտենք իր հետ ամեն ինչ լավ է, թե ոչ։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց 61-ամյա արցախցի Ռաշիդ Բեգլարյանի որդին՝ Գևորգ Բեգլարյանը։
«Այս ընթացքում հորս հետ հապ չենք հաստատել, հանգստություն չկա մեր մեջ, քանի որ չգիտենք, թե ինչ վիճակում է հայրս։ ՄԻՊ-ը, Կարմիր խաչը զբաղվում են, բայց որևէ նորություն չունենք, սպասման մեջ ենք։ Մենք չգիտենք, թե ինչ է տեղի ունեցել ու հիմա տարբերակ էլ չունենք իմանալու»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ երեկ Արցախի ազգային անվտանգության ծառայությունը հայտնեց, որ արցախցի 61-ամյա տղամարդը հայտնվել է Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում։
Ըստ Արցախի ԱԱԾ-ի՝ Ռաշիդ Բեգլարյանը վերջին օրերին գտնվել է Շուշիի շրջանի Հին շեն համայնքում, երեկ ոգելից խմիչքի ազդեցության տակ դուրս է եկել գյուղից, մոլորվել ու հայտնվել Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածում։
Ավելի վաղ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հաղորդել էր, թե Բեգլարյանը խախտել է ադրբեջանա-հայկական պետական սահմանը Լաչինի շրջանի Աղավնո գյուղի տարածքով անցնող հատվածում, որտեղ էլ ձերբակալվել է։
Հիշեցնենք նաև, որ Ադրբեջանի օմբուդսմենին առընթեր խոշտանգումների կանխարգելման ազգային կանխարգելիչ խմբի անդամներն այցելել են Արցախի քաղաքացի Ռաշիդ Բեգլարյանին։
«Նրա հետ կոնֆիդենցիալ զրույց է տեղի ունեցել, նրա մայրենի լեզվով օրենսդրական ակտեր են հանձնվել։
Դիտարկմանը պարզվել է, որ Բեգլարյանի իրավունքներն ապահովված են, նրան ցուցաբերվում է անհրաժեշտ բուժահոգեբանական օգնություն, ինչն ինքը հաստատել է»,- գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Լիաննա Թորոսյան