Տպավորությունը, թե ՔՊ-ն 50%-ից ավելի քվե է ստացել, ճիշտ չէ․ Իշխան Սաղաթելյան

Տպավորությունը, թե ՔՊ-ն 50%-ից ավելի քվե է ստացել, ճիշտ չէ․ Իշխան Սաղաթելյան

Երեկ Սյունիքի և Շիրակի մարզի մի շարք համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություն էր։ Սպասելի էր, թե՝ ոչ, թե՛ Սիսիան, թե՛ Անի համայնքներում, որտեղ ամիսներ առաջ ՔՊ-ն պարտություն էր կրել, այս անգամ հակառակ պատկերը գրանցվեց։ 

Ինչո՞ւ, արդյո՞ք սահմանամերձ դարձած Սյունիքում սկսել են ընդունել ՔՊ-ի վարած քաղաքականությունը, ի՞նչ տպավորություն ունի այս ամենից գործող ընդդիմությունը․ այս և այլ հարցերի շուրջ MediaHub.am-ը զրուցեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հետ։

Նրա խոսքով՝ մեծ ցավ է, որ պարտության ու պատերազմի կուսակցությանը դեռ մեր քաղաքացիները ձայն են տալիս։ 

«Նրանք, ովքեր մեր ժողովրդին բերել են աղետ, կորուստներ, մահեր, քվե են ստանում։ Բայց դրանով հանդերձ երկու բան պետք է հաշվի առնել․ առաջինը, որ մի քանի ամիս առաջ նույն Սիսիանում տեղի ունեցած ընտրությունների ժամանակ ՔՊ-ն պարտվել է և ոչ իշխանական ուժերն ավելի շատ քվե են ստացել։ Պարզապես, ինչ-ինչ պատճառներով չմիացան, չձևավորեցին տեղական իշխանություն, և արյդունքում արտահերթ ընտրություններ անցկացվեցին։ Սա վերաբերում է նաև Անի համայնքին։ Եվ արտահերթ ընտրության ժամանակ արդեն, ՔՊ-ն մոբիլիզացրեց ամբողջ պետական, վարչական ռեսուրսը, խայտառակ մեթոդներով վերարտադրվեց»,- նկատեց Իշխան Սաղաթելյանը։ 

Նրա դիտարկմամբ՝ այն տպավորությունը, թե ՔՊ-ն 50%-ից ավելի քվե է ստացել, ճիշտ չէ։ 

«Շատ հաճախ հարցերի պատասխանը պետք է այլ տեղերում փնտրել։ Ու այս ընթացքում ոչ թե մարդկանց վերաբերմունքն է փոխվել՝ այդ պարտության ու պատերազմի կուսակցության նկատմամբ, այլ անցած ընտրություններից հետո տեղական իշխանության չձևավորվելը որոշ խնդիրներ բերեց։ Այսինքն՝ մարդիկ ՔՊ-ի օգտին չքվեարկեցին, բայց ընդդիմադիր իշխանություն չձևավորվեց»,- ասաց նա։ 

Հարցին, թե սա ընդդիմությա՞ն մեղքն է, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց․

«Ոչ իշխանական ուժերը, որոնք մասնակցել էին ընտրությանը, ՔՊ-ից ավելի ձայներ ստացել, բայց չձևավորեցին իշխանություն, պետք է վերանայեն շատ հարցերի հետ կապված իրենց վերաբերմունքը։ Եթե մասնակցել էին ընտրությանը, պետք է պատրաստ լինեին»։ 

Նարե Գնունի