Նիկոլ Փաշինյանի անձով է պայմանավորված, որ Հայաստանը հասել է վտանգավոր՝ նոր պատերազմի շեմին․ «Դեմոկրատական այլընտրանք»

Նիկոլ Փաշինյանի անձով է պայմանավորված, որ Հայաստանը հասել է վտանգավոր՝ նոր պատերազմի շեմին․  «Դեմոկրատական այլընտրանք»

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասված է․

«Փաստագրելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝

2018 թվականին, հեղափոխության ալիքի վրա գալով իշխանության, տապալել է հեղափոխության նպատակներն ու արդարության վերականգման ժողովրդական սպասումները,

Արցախյան հակամարտության կարգավորման բանակցություններում դրսևորել է երկրի ղեկավարին ոչ հարիր անհեռատեսություն, որը հանգեցրել է աղետալի պատերազմի,

ինչի հետևանքով.

ունեցել ենք հազարավոր անդառնալի մարդկային զոհեր,

կորցրել ենք ոչ միայն Արցախի հանրապետության շուրջ հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող բոլոր տարածքները, այլև տարածքներ բուն Արցախի հանրապետությունից, այդ թվում նաև պատմական Շուշի քաղաքը,

պետությանը հասցվել են ռազմական և նյութական ահռելի վնասներ,

Հետպատերազմյան ժամանակահատվածում շարունակել է իր նույն՝ անխոհեմ քաղաքականությունը.

պատասխանատվությունից խույս տալու նպատակով, իրենից բացի բոլորին պարտության մեղավորներ կարգելու նրա մոլուցքն առաջացրել է ներքաղաքական ճգնաժամ, որը չի լուծվել անգամ 2021-ի ԱԺ արտահերթ ընտրություններով.

«նախկիններ» հորջորջած քաղաքական ուժերի հետ փոխկապակցված գործողություններով և սին խոստումներով, ըստ էության, մոլորեցրել է ընտրողներին և վերարտադրվել՝ դրանով զգալի վնաս հացրել և՛ պետության, և՛ հայ ժողովրդի միջազգային վարկանիշին (նույն համատեքտում է իր քարոզչամեքենայով 1988 թվականի համազգային զարթոնքի և հայ ժողովրդի պատմական ձեռքբերումների նվաստացումը),

կառավարման համակարգը կանգնեցրել է կոլապսի առաջ:

Ընդ որում,

Չի համարձակվում ստանձնել բանակցային կարգավորման հասնելու քաղաքական պատասխանատվություն և չարդարացված պատճառաբանություններով խուսափում է բանակցություններից, ինչի հետևանքով այս ընթացքում.

Հայաստանի Հանրապետությունն ունեցել է առնվազն 150 քառակուսի կիլոմետր տարածքային կորուստ,

մոտ 300 հետպտերազմյան նոր զոհեր,

հակառակորդը շրջափակվել է Արցախի 120 հազար բնակչությանը,

հայկական ինքիշխանությունը և տարածքային ամբողջականությունը դարձել են սակարկման առարկա,

տապալվել է իր իսկ հայտարարած «Խաղաղության դարաշրջանի» օրակարգը,

ճգնաժամի են հասցվել ռազմավարական դաշնակցի հետ փոխհարաբերությունները,

Հայաստանի հանրապետության արտաքին քաղաքականությունն, ըստ էության, հայտնվել է մեկուսացման մեջ,

Հայաստանը դարձել է անվստահելի պետություն բոլոր գործընկերների համար,

իրական է դարձել նոր պատերազմի սպառնալիքը։

Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն իր անպատասխանատվությամբ նպաստում է ԼՂ հայաթափման և բանակցության սեղանին դրված խնդիրները նոր պատերազմով լուծելու Ադրբեջանի նկրտումներին։

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը հայտարարում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձով է պայմանավորված, որ Հայաստանի հանրապետությունը հասել է վտանգավոր՝ նոր պատերազմի շեմին, որը հղի է տարածքային, ինքնիշխանության կամ պետականության կորուստով և հայ ժողովրդի նորանոր զրկանքներով։

Ուստի, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը՝ նպատակ ունենալով.

կանխել նոր պատերազմը,

վերջակետ դնել 44-օրյա պատերազմին,

պետությունը վերադարձնել բնականոն կենսագործունեության և զարգացման հուն,

անհրաժեշտ է համարում  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռացումը:

Այս նպատակով՝ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունն առաջարկում է գործողությունների հետևյալ ծրագիրը:

Քայլ Ա

Եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մինչև ս/թ փետրվարի 20-ը նախաձեռնի Նիկոլ Փաշինյանին փոխելու հարցը, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը ՔՊ-ին կաջակցի այդ գործընթացում։

Խորհրդարանական ընդդիմությանը հորդորում ենք նույնպես սատարել Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ՔՊ հնարավոր որոշմանը:

Քայլ Բ

Մինչև նշված ժամկետը ՔՊ կողմից որևէ արձագանք չլինելու դեպքում, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը, ս/թ փետրվարի 20-ից օրակարգային կդարձնի ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջը՝ մինչ այդ քաղաքական քննարկումներ անցկացնելով քաղաքական ուժերի և անհատ գործիչների հետ։

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը պատրաստ է համախոհ քաղաքական ուժերի և գործիչների հետ ձևավորել միասնական հարթակ և օրակարգ։

Փետրվարի 20-ին՝ հայկական զարթոնքի 35-ամյակի օրը, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը կամփոփի քաղաքական քննարկումների և գործողությունների ծրագրի առաջին փուլը և հանդես կգա հետագա գործողությունների մասին հայտարարությամբ»: