Ես ասել եմ՝ դա վտանգավոր է, երկկողմ դաշտում հաղթողի և պարտվողի խոսակցություն է լինելու․ Ռուստամյան

Նախ փորձում է, այսպես ասած, մեղմել էդ ճնշումներն իր վրա, երկրորդը՝ սրանով ես վստահ եմ, որ ինքը փորձում է ասել, որ ճիշտը երկկողմ բանակցություններն են, որովհետև թիվ մեկ նպատակը բանակցային այս ստեղծված փակուղային վիճակը տեղափոխել իր առաջարկած դաշտ, որովհետև ճնշումներ նաև իր վրա կան։

Այս մասին այսօր խորհդրարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Ալիևի վարած քաղաքականությանը։

Նրա խոսքով՝ Ալիևը, գերիների վերադարձի շուրջ համաձայնության գալով, փորձում է ասել, որ տեսեք՝ «երբ երկկողմ բանակցում ենք, ինչպիսի դրական արդյունքներ են լինում»։ Սա կարող է տանել խաղաղության պայմանագրի ամբողջացմանը և բանակցությունների տեղափոխմանը երկկողմ ձևաչափի դաշտ։

«Ես ասել եմ, որ դա շատ վտանգավոր է, երկկողմ դաշտում հաղթողի և պարտվողի խոսակցություն է լինելու։ Երկրորդը՝ ի՞նչ է նշանակում երկկողմ ձևաչափով հարցերը լուծել, դա նշանակում է, որ ուղղակի հարց չի մնացել լուծելու, որովհետև ե՞րբ է առաջանում բանակցությունների և միջնորդների անհրաժեշտություն, երբ կողմերն ունենում են իրար հետ անհամատեղելի կամ չհամաձայնեցված դիրքորոշումներ։ Եվ էդ դիրքորոշումների համապատասխանեցումը միմյանց կատարվում է միջնորդների մասնակցությամբ։ Նրանք նաև տալիս են հնարավորություն, որ այն, ինչ ձեռք է բերվել, երաշխավորվի։ Էստեղ նաև միջազգային երաշխավորի հարցն է կորում»,- ասաց Ռուստամյանը։