Հովակիմյանը պարտավոր է պարզաբանում տալ

Հովակիմյանը պարտավոր է պարզաբանում տալ

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն է, ով մինչ օրս պարզաբանում չի տվել, թե ինչու են ծառայությունից խուսափել նրա որդիները: 

Պարզաբանում ՊՆ-ից 

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նորընտիր նախագահ, ԱԺ ՔՊ խմբակցության նախկին պատգամավոր Վահագն Հովակիմյանի երկու որդիները Հայոց բանակում չեն ծառայել: «Ժողովուրդ» օրաթերթը հոկտեմբերի 21-ին պաշտոնական գրություն էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն եւ ուղղել հետեւյալ հարցերը. «Արդյոք Միսակ Վահագնի Հովհակիմյանը եւ Նարեկ Վահագնի Հովհակիմյանը անցե՞լ են պարտադիր զինվորական ծառայություն, թե՞ ոչ։ Եթե այո, ապա որտե՞ղ եւ ե՞րբ։ Եթե ոչ, ապա ինչու՞ եւ ի՞նչ հիմքով»: Եվ, ահա, նոյեմբերի 3-ին «Ժողովուրդ» օրաթերթը ստացավ Պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանի անունից պատասխան, որում ասվում է. «Հայտնում եմ, որ Միսակ Վահագնի Հովակիմյանը եւ Նարեկ Վահագնի Հովակիմյանն օրենքով սահմանված հիմքով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից»: 

Հովակիմյանի լռությունը 

Վահագն Հովակիմյանը զբաղեցնում է մի պաշտոն, որն իր գործունեության բերումով ուղղակի կապ ունի արդարության սկզբունքի հետ: Իհարկե, չենք ուզում խախտել անմեղության կախավարկածը. Հովակիմյանի որդիները գուցե օրինական հիմք են ունեցել՝ պարտադիր զինծառայությունից ազատվելու համար: Բայց Հովակիմյանի լռությունը կարող է լեգիտիմ կասկածներ ծնել, մանավանդ, որ նախկին պաշտոնյաների մոտ նույնպես ամեն ինչ «թղթով կարգին» էր՝ մինչև պարզվում էր՝ թղթերն են «անկարգ»:

Վահրամ Բագրատյան