Կիրանցում Փաշինյանին ջերմ չեն ընդունել․ գնանք ասենք շնորհակալությո՞ւն, որ մի քանի մետր էն կողմ Ադրբեջանն ա
Օգոստոսի 3-ին Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում այցելել է Կիրանց, որը սահմանազատումից հետո դարձել է Հայաստանի ամենախոցելի գյուղերից մեկն այն առումով, որ գյուղի ներքևի հատվածը դարձել է Ադրբեջան, վարելահողերն ու գյուղատնտեսական նշանակության այլ հողատարածքներ անցել են ադրբեջանական կողմին։
«Մեր գյուղացիներից ընդամենը 2-3 հոգի են դիմավորել Փաշինյանին, որովհետև ոչ ոք չէր ուզում տեսներ։ Այսինքն, ո՞նց եք պատկերացնում, գնանք ասենք շնորհակալությո՞ւն որ մեզանից մի քանի մետր էն կողմ Ադրբեջանն ա»,- MediaHub-ին իր վրդովմունքը հայտնեց Կիրանց գյուղի բնակիչը։
Մեր զրուցակիցը կցկտուր տեղեկություններ է ստացել Փաշինյանի հետ հանդիպման մասին։ Միայն գիտի, որ կառավարության ղեկավարը վստահեցրել է, որ «ամբողջական սահմանազատումից հետո ամեն ինչ լավ կլինի», սակայն չի երաշխավորել՝ պատերազմ կլինի՞, թե՞ ոչ։
«Հիշու՞մ եք Ոսկեպարում ինչ էր ասում․ եթե չտանք, հակառակ դեպքում շաբաթվա վերջին պատերազմ կլինի։ Այսինքն, էս մարդկանց համար միևնույն ա, հողը տալիս են, որ պատերազմ չլինի, բայց ասում ա կարող ա և լինի։ Դրա համար իր հետ հանդիպմանը մասնակցել են փոխհատուցում ստացած մի քանի կիրանցեցի, համայնքապետարանի աշխատակիցները, ուժային կառույցների ծառայողներ ու քաղաքացիական հագուստով մի քանի ոստիկաններ։ Անունը դրել են Նիկոլ Փաշինյանին Կիրանցում ջերմ են ընդունել»,- հավելեց նա։
Հունան Թադևոսյան