Մամուլը՝ սուրճով

Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» թերթը գրում է.

Կիրակի օրը Ալավերդիում կոալիցիոն հուշագիր ստորագրվեց ընտրություններում առաջին տեղը գրաված «Ապրելու երկիր» եւ երրորդ տեղը զբաղեցրած ՀԱԿ-ի միջեւ։ Ավելի ճիշտ` ՀԱԿ-ն իր մեկ մանդատով որոշեց, թե ով պետք է դառնա Ալավերդու քաղաքապետ։ 

ԱԿ ցուցակը գլխավորած հաշվապահական ընկերության ղեկավար Նորայր Գեւորգյանն ինքնաբացարկ ներկայացրեց:

Նա մեզ խոստովանել էր, թե կուսակցության որոշումն իր սկզբունքներին դեմ է, դրա համար է տեղը զիջում ցուցակի հաջորդ համարին։ Երեկ մենք Գեւորգյանին հարցրինք՝  ուզում էիք իշխանությա՞ն հետ կոալիցիա կազմել։ «Այստեղ խնդիրն իշխանությունը չէ»: Հապա ի՞նչն է։ «Իմ մասնագիտությունը, ես չէի կանխատեսել, որ պետք է երրորդ տեղը լինեմ եւ առաջին տեղակալի պաշտոն զբաղեցնեմ, իսկ օրենքը դա է պարտադրում՝ առաջին տեղակալի պաշտոնը հասնում է ցուցակի առաջին համարին։ 

«Հրապարակ» թերթը գրում է.

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը երեկ հրավիրած արտահերթ նիստում որոշել է հերթական հակածառուկյանական որոշումն ընդունել։ Հաշվի առնելով ցեմենտի շուկայում տիրող առկա իրավիճակը՝ էկոնոմիկայի նախարարության գործընկերների հետ քննարկման արդյունքում որոշվել է ներկրվող ցեմենտի տուրքը մեկ տոննայի համար սահմանել ոչ թե 9 հազար դրամ՝ նախկին 14 հազարի փոխարեն, այլ՝ 2 հազար դրամ, իսկ ներկրվող կլինկերի համար տուրքը վերացնել:

«Հրապարակ» թերթը գրում է․

Երեկ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան կայքում հրապարակված հոդվածը, որով ներկայացվում էին Ադրբեջանի` Հայաստանին ուղղված 5 պահանջները, ընդդիմադիրներն ընկալել էին որպես նախկին նախագահներին ուղղված աղերսագին խնդրանք՝ աջակցել ստեղծված իրավիճակում: 

Գաղտնիք չէ, որ Ալիեւը պատերազմի հանցագործների կարգավիճակում տեսնում է Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, իսկ անհետ կորածների թեման գնում հասնում է Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակները։ Ասում էին, որ սրանով Փաշինյանը հասկացնում է, որ եթե ընդունի Ադրբեջանի այդ պահանջները, նախկին նախագահներն էլ են պատասխան տալու։

«Հրապարակ» թերթը գրում է.

Վարչական դատարանը բավարարել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Մխիթար Զաքարյանի հայցն ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի։ Հիշեցնենք․ 2021 թ. խորհրդարանական ընտրություններից հետո իշխանությունները քաղաքական հետապնդումներ սկսեցին ընտրված պատգամավորների, մասնավորապես՝ Մխիթար Զաքարյանի, Արթուր Սարգսյանի նկատմամբ, Գլխավոր դատախազությունը դիմեց ԿԸՀ` նրանց պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու պահանջով, եւ դիմումը բավարարվեց։ Մինչդեռ շատ իրավաբաններ պնդում էին, որ ԿԸՀ-ն հակաօրինական որոշում է կայացրել, քանի որ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու իրավասությունը խորհրդարանինն է։

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ» թերթի տեղեկություններով, ներկայում կառավարությունից լուրջ դժգոհություններ կան ռազմարդյունաբերական համալիրում, այսինքն՝ այն ձեռնարկություններում, որոնք ռազմական բնույթի արտադրանք են տալիս կամ առնվազն ունեն դրա լիարժեք հնարավորությունները: Բանն այն է, որ իրականում բավականին լուրջ հոսքագծեր ու ներուժ ունենք, սակայն պաշտպանության նախարարությունը և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, ի մասնավորի՝ վերջինիս կառուցվածքում գործող ռազմարդյունաբերության կոմիտեն փաստացի «տորպեդահարում» են ոլորտը՝ չտալով տեղական ռազմարդյունաբերության պատվերներ, չֆինանսավորելով նախագծերը:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, չնայած իշխանավորները պարբերաբար պաթետիկ հայտարարություններ են անում այս թեմայով, բայց ռազմարդյունաբերության զարգացման համար որևէ քայլ չի արվում:

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին ՏԻՄ ընտրությունների արդյունքների հետ կապված՝ իշխանությունները լուրջ «բազարների» մեջ են։ Մասնավորաբար, մենք տեղեկություններ ունենք, որ այն մարզերում, որտեղ իշխանական թեկնածուները պարտվել են կամ եղել են հաղթել-պարտվելու «սահմանագծին», ու հնարավոր չի եղել այլ ուժերի հետ դաշինքի միջոցով ձևավորել համայնքային իշխանություն, պատասխան են տալու նաև մարզպետները:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, վերջին մեկ շաբաթվա ընթացքում այդ մարզպետները երկու անգամ կանչվել են կառավարություն, իսկ ոմանց հետ Նիկոլ Փաշինյանն անգամ կառավարական ամառանոցում է հանդիպում ունեցել։ Մեր ունեցած տեղեկության համաձայն, խոսակցությունը եղել է բավական կոշտ, հիմնականում շեշտը դրվել է այն հանգամանքի վրա, որ տեղերում կոնկրետ քայլեր չեն ձեռնարկվել և թեկնածուներին համապատասխան աջակցություն չի ցուցաբերվել։

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ» թերթի տեղեկություններով, երեկ Բրյուսել մեկնած ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ՆԱՏՕ-ի պաշտոնյաների հետ նախապես պլանավորված հանդիպումներից զատ, ԵՄ ներկայացուցիչներին է ներկայացնելու հոկտեմբերի 2-ին Ժնևում տեղի ունեցած Արարատ Միրզոյան - Ջեյհուն Բայրամով հանդիպման մանրամասները, քննարկված հարցերի առանցքը։

Գրիգորյանը եվրոպացիներին է ներկայացնելու նաև ներկայումս ընթացող սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի աշխատանքի ընթացքը։ Թերթի ԱԳՆ աղբյուրը փոխանցել է նաև, որ օրերս Երևանում գտնվող՝ Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն իր այցի ընթացքում հայկական կողմին հորդորել է մինչև հոկտեմբերի վերջ ձեռքի տակ պատրաստ ունենալ «խաղաղության համաձայնագրի» վերջնական տարբերակը։ Թերթը տեղեկություններ ունի, որ հայադրբեջանական «խաղաղության պայմանագիրը» ստորագրվելու է Բրյուսելում նոյեմբերի առաջին տասնօրյակում։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի՝ ՀՀ ՊՆ-ին մոտ կանգնած խիստ հավաստի աղբյուրները փոխանցում են, որ Հայաստան ներթափանցած ադրբեջանական զինված խումբն այս օրերին անփորձանք հետ է գնացել Ադրբեջան: Ստացվում է՝ մեր զինվորներին Ադրբեջանը շարունակում է գերեվարել, գնդակահարել հենց մեր սուվերեն տարածքում, սակայն հայկական կողմը թողնում է, որ մեզ մոտ շրջափակման մեջ գտնվող ադրբեջանցի զինծառայողներն անարգել վերադառնան Ադրբեջան:

Ի վերջո, կարող էինք նրանց եւս գերեվարել Ջերմուկի մատույցներում, փոխանակել մեր գերիների հետ, սակայն ՀՀ զինված ուժերը ոչ միայն չի ոչնչացրել մեր տարածք ներթափանցած հակառակորդին, ինչպես պահանջում է ՀՀ զինվորական կանոնադրությունը, այլ թողել է՝ անարգել հետ վերադառնան իրենց երկիր: Ի՞նչ է սա, եթե ոչ պետական հանցագործություն:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մտերիմ, Ռոբերտ Քոչարյանի քրեական գործով մեղադրող դատախազ Գեւորգ Բաղդասարյանի գլխին սեւ ամպեր են կուտակվում:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ նա առաջիկայում ազատման դիմում կգրի: Բանն այն է, որ նա գլխավոր դատախազությունում տեւական ժամանակ տպավորություն է ստեղծել, թե բարձրակարգ դատախազ է, եւ քանի որ ստանձնել է Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող դատախազի պարտականությունները, ուստի անձեռնմխելի է:

Գեւորգ Բաղդասարյանի եւ Աննա Վարդապետյանի ներքին հակադրությունները սկսվել են սեպտեմբերի 2-ից հետո: Աննա Վարդապետյանը ցանկացել է իր տեղակալ բերել եւ նշանակել ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի նախկին պետ Հակոբ Գեւորգյանին։ Գեւորգյանը դիմում է ներկայացրել որակավորման հանձնաժողով եւ քննություն հանձնել, սակայն քննությունը ընթացել է լարված մթնոլորտում, եւ Հակոբյանին սեպտեմբերի 29-ին քննությունից կտրել են: Պարզվում է՝ հանձնաժողովի նախագահը եղել է նախկին դատախազ Արթուր Դավթյանի հետ քավորսանիկական կապեր ունեցող Գեւորգ Բաղդասարյանը, որին չի ներվի հանդգնությունը: 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Երեկ ԱԺ խորհուրդը նիստ էր գումարել եւ հաստատել այսօր մեկնարկելիք նիստերի օրակարգը։ Արդեն դրանից հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն էին հավաքվել՝ քննարկելու այսօր կայանալիք նիստերի օրակարգը։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դռնփակ նիստի ժամանակ առանձնահատուկ որեւէ բան չի քննարկվել, խոսել են օրակարգի մասին եւ հեռացել։ Հետաքրքիր է, որ սովորաբար նրանց այս նիստերին մասնակցում էր անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն այս անգամ նա բացակա էր։

Ավելին՝ ՔՊ-ականները զարմացած էին Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցում եղած հրապարակումից, որի մեջ նշվել են Ադրբեջանի հինգ պահանջները։

«Իրավունք» թերթը գրում է.

«ՀՀ զինված ուժերում նոր պաշտոնանկություններ են սպասվում, «զոհաբերվելու են» արեւելյան սահմանագոտու համար պատասխանատուները` փոխնախարարից մինչեւ հրամանատար:

Այս ամենը, ըստ ՊՆ-ին մոտ կանգնած աղբյուրների, տեղի է ունենալու, որպեսզի այդկերպ փորձեն «արդարացնել» ժամերի ընթացքում այդքան մեծ թվով զոհերի ու վիրավորների փաստը»:

Ժողովուրդ օրաթերթը գրում է.

«Դուք պիտի գիտակցեք, որ գերիների հարցն այսօր ուզում են մեր պետության ու ժողովրդի դեմ օգտագործել անհամաչափ զիջումներ պարտադրելու համար: Այո, այդ տղաները Բաքվի բանտերում պայքարում են Հայաստանի անկախության համար, Հայաստանի ինքնիշխանության համար։ Եվ, այո, նրանք մեզ կներեն՝ մի ամիս, երկու ամիս ավելի գերության մեջ մնալու համար, բայց նրանք չեն ների մեզ, եթե մենք հանուն իրենց ազատության զիջենք մեր երկրի անկախությունը եւ ինքնիշխանությունը»,- այս մասին դեռեւս 2021-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ՝ հունիսի 7-ին, Արմավիրի մարզում հայտարարում էր այն ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Ըստ երկրի առաջնորդի՝ սարսափելի բան չկա, որ գերիները մեկ, երկու ամիս ավելի կարող են անցկացնել հակառակորդի բանտերում ու կտտանքների ենթարկվել նրանց կողմից: Այսօր, սակայն, երբ հասարակությունը պարզապես ցնցված է՝ ինչպես են ադրբեջանցիները վարվում հայ գերիների հետ՝ գնդակահարելով նրանց, Փաշինյանի՝ վերոնշյալ խոսքերն է՛լ ավելի ցավեցնող են դառնում: Նիկոլ Փաշինյանը, սակայն, պարզվում է, այժմ փոխել է դիրքորոշումը կամ հասկացել է, որ զգայուն այդ թեմայից հնարավորիս քիչ պետք է խոսի: