Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

«Համաս»-ը համաձայնել է Թրամփի ծրագրին, ով էլ իր հերթին արձագանքել է

Blog Image

«Համաս»-ը հայտարարել է Գազայի հատվածի կառավարումն անկախ փորձագետներից կազմված պաղեստինյան կոմիտեին փոխանցելու իր համաձայնության մասին։

Հայտարարության մեջ ընդգծվել է, որ սա կլինի պաղեստինյան ազգային կոնսենսուսի վրա հիմնված, արաբական և իսլամական պետությունների կողմից աջակցվող մեխանիզմ։

«Համաս»-ը նաև պատրաստակամ է կատարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրում նշված պայմանները։ Շարժումը հայտարարել է բոլոր իսրայելցի պատանդներին ազատ արձակելու և զոհվածների մարմինները հանձնելու մտադրության մասին, եթե տեղում ստեղծվեն անհրաժեշտ պայմաններ։

Խմբավորման ներկայացուցիչները ընդգծել են միջազգային միջնորդությամբ բանակցություններին իրենց բաց լինելը։ Նրանք նշել են, որ հնարավոր փոխանակման մանրամասների վերաբերյալ քննարկումները կարող են սկսվել անմիջապես, երբ որոշվեն համաձայնագրերի իրականացման կոնկրետ մեխանիզմները։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ Մերձավոր Արևելքում խաղաղությունը մոտ է։ 

«Շնորհակալություն բոլոր այն հրաշալի երկրներին, որոնք օգնել են մեզ խաղաղության հասնել։ Նրանք աներևակայելիորեն օգտակար են եղել։ Բոլորը միասին աշխատել են պատերազմը դադարեցնելու և Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու համար, և մենք մոտ ենք դրան հասնելուն», - ընդգծել է Թրամփը «Truth Social» սոցցանցում հրապարակված տեսաուղերձով։

Սպիտակ տան ղեկավարն այս կերպ երախտագիտություն է հայտնել Կատարին, Թուրքիային, Սաուդյան Արաբիային, Եգիպտոսին ու Հորդանանին։

Send