«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«««Լիորմանդ Հոլդինգս Լիմիթեդ»-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» արբիտրաժային գործի համար ՀՀ վարչապետի աշխատակազմը Foley Hoag LLP իրավաբանական ընկերության հետ պայմանագիր է կնքել 419 մլն 267 հազար դրամ արժեքով՝ Հայաստանի շահերը Ստոկհոլմի առեւտրային պալատի արբիտրաժային դատարանում ներկայացնելու համար։
Նշենք, որ Ստոկհոլմի առեւտրային պալատի արբիտրաժային դատարան դիմել են «Լիորմանդ Հոլդինգս Լիմիթեդ»-ը, «Տաշիր» Գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը, կինը՝ Էթերի Կարապետյանը, որդին՝ Սարգիս Կարապետյանը եւ եղբայրը՝ Կարեն Կարապետյանը:
«Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 31.8%-ի իրական շահառուն Սամվել Կարապետյանն է, 29%-ի շահառուն՝ Սարգիս Կարապետյանը: Մասնակցության շղթայում «Լիորմանդ Հոլդինգս Լիմիթեդ» ընկերությունը, որը գրանցված է Կիպրոսում, եւս ներգրավված է, այդ իսկ պատճառով վերջինս եւս դիմել է արբիտրաժային դատարան:
Ըստ պայմանագրի՝ նախնական փուլում ընկերությունը պարտավորվելու է մինչ արբիտրաժային տրիբունալի կազմավորումը խորհրդատվություն տրամադրել, վարույթի նյութերի նախնական ուսումնասիրություն իրականացնել եւ մշակել ռազմավարություն, զբաղվել ընթացակարգային հարցերի ուսումնասիրությամբ, իսկ այս ծառայության արժեքը 350 հազար ԱՄՆ դոլար արժե։
Իրավազորության փուլում՝ «իրավազորության առնչությամբ առարկությունները ըստ էության հարցերի քննարկումից առաջ առանձին փուլով դիտարկելու դիմում»։ Եթե երկատման դիմումը բավարարվի, պետք է իրականացվի իրավազորության առնչությամբ առարկությունների վարույթի նախապատրաստում, ներառյալ փաստաթղթերի հավաքագրում, իրավազորության վերաբերյալ Հայցի մշակում, դրա առնչությամբ մյուս կողմի ներկայացրած առարկությունների մասով պատասխանի մշակում, եւ իրավազորության առնչությամբ բանավոր լսումների շրջանակներում ներկայացուցչություն: Այս ծառայության արժեքը կազմել է 1 մլն 300 հազար ԱՄՆ դոլար։
Երրորդ փուլի՝ ըստ էության հարցերի քննարկման եւ վնասների հատուցման փուլի համար հատկացվել է 1 մլն 600 հազար ԱՄՆ դոլար։
Չորրորդ փուլ՝ «Իրավագիտության, ըստ էության հարցերի քննակման եւ վնասների հատուցման փուլ», (Եթե երկատում չի պահանջվում Հայաստանի կողմից կամ երկատման դիմումը չի բավարարվում)։ Այս ծառայության արժեքը կազմել է 2 մլն 900 հազար ԱՄՆ դոլար։
ՀՀ ներկայացուցիչն այս գործում Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանն է։
Հարկ է նշել, որ 2015 թվականից կայացած գործարքի արդյունքում «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.»-ից ՀԷՑ-ը անցավ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությունների խմբին։ Տեղեկացնենք, որ ՀԷՑ-ի բաժնետոմսերի գնորդ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությունը, ինչպես նախորդ «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերությունը, օֆշորային տարածքում` Կիպրոսում գրանցված ընկերություններ են: Այսինքն՝ ՀԷՑ-ին վերաբերող ցանկացած գործողություն նշանակում է ոչ միայն ներհայաստանյան ինչ-որ իրողոթյուն, այլեւ միջազգային սկանդալ»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«2022թ․-ին «Փյունիկի» այն ժամանակվա սեփականատեր Արթուր Սողոմոնյանը ակումբի պաշտոնական կայքում հրապարակված հարցազրույցում քննադատել էր ՀՖՖ ղեկավարությանը՝ մասնավորապես ընդգծելով մարզադաշտերի վարձակալության գների բազմակի աճը, մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրերի անարդյունավետությունը, մարզային ակումբների լքելը առաջնությունից, կարգապահական որոշումների թափանցիկության բացակայությունը, ԲԿՄԱ-ի միջոցով ըստ էության բանակից ազատվելը, հավաքականի օդանավով ոչ ֆուտբոլի անձանց արտերկիր տանելը, ընդհուպ մինչեւ այն, որ ՀՖՖ նախագահը ընտրվել է կեղծումների արդյունքում։
Սրան ի պատասխան՝ ներկայացվում է դատական հայց, որով ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի թիմը պնդում էր, որ այդ խոսքերն իրականության հետ աղերս չունեն եւ վնասում են կազմակերպության ու Մելիքբեկյանի հեղինակությանը։ Դատական պրոցեսը շարունակվեց միքանի տարի ու ավարտվեց վերաքննիչ քաղաքացիական դատարանում նոյեմբերի 20-ին՝ Արթուր Սողոմոնյանի փաստացի հաղթանակով, քանզի դատարանը նրա հայտարարությունների մեջ չի գտել զրպարտանք ու անձի արատավորման դրվագ։
Ըստ էության, սա ՀՖՖ-ի դեմ ներկայացված ու հաղթանակով ավարտված երկրորդ հնչեղ գործն է. առաջինը Սեւան ակումբի նախկին սեփականատեր Տիգրան Հակոբյանն էր, ով հաղթեց Լոզանի արբիտրաժում, որով փաստացի պարզվեց, որ իրեն անհիմն կերպով հեռացրել են հայաստանյան ֆուտբոլից: Երկրորդը դարձավ Արթուր Սողոմոնյանի գործը։
Հիշեցնենք, որ «Փյունիկի» նախկին սեփականատեր Արթուր Սողոմոնյանը տեւական ժամանակ է սուր քննադատությունների է ենթարկում ֆեդերացիայի աշխատանքը, մասնավորապես տարբեր հարցազրույցներում ու մամուլի ասուլիսներում խոսել է ՀՖՖ-ի կողմից անարդյունավետ ծախսված տասնյակ միլիոնավոր դոլարների, ՀՖՖ-ում տիրող ոչ ֆուտբոլային բարքերի, փակվող ոչ յուրային ակումբների, ֆեյք ՀԿ-ների ու կեղծված ընտրությունների մասին։ Սողոմոնյանը հերթական հայ խոշոր գործարարն ու բարեգործական նախագծերի հեղինակներից է, ով ստիպված եղավ լքել հայկական ֆուտբոլը՝ չստանալով բարոյական աջակցություն իշխանություններից։
Հ․Գ. Մեզ չհաջողվեց կապ հաստատել «Փյունիկի»-ի նախկին սեփականատեր Արթուր Սողոմոնյանի հետ. փոխարենը զրուցեցինք նրա ներկայացուցիչներից մեկի հետ, ով փոխանցեց, որ Սողոմոնյանը վաղուց ասել է՝ այս դատական վեճի արդյունքում իրեն փոխանցվելիք գումարներն ամբողջությամբ ուղղելու է բարեգործությանը։
Հ․Գ. 2 Իհարկե Արմեն Մելիքբեկյանի ու իր ղեկավարած կառույցի համար պարտվելը սովորական է, սակայն ինչպես տարիներ շարունակ գրում ենք, այս մարդիկ ֆուտբոլն իջեցրել են մեր պատմության ամենացածր մակարդակին ու աղետ են ֆուտբոլի համար։ Սակայն իշխանությունները շարունակում են պահել այս մարդկանց՝ ի հեճուկս հանրային պահանջի:
Հ․Գ. 3 Զերծ մնալով վերաքննիչ դատարանի ընդունած ակտի իրավական խոր մասնագիտական վերլուծությունից՝ պարզ է, որ ըստ էության նույնիսկ դատարաններն են փաստում, որ ֆեդերացիան չի կարողացել ապացուցել, որ, օրինակ, չարթերային ինքնաթիռները ծառայում են նպատակային, զուտ ֆուտբոլային են կամ որ ծախսերը կատարվում են արդյունավետ։ Մոտ ժամանակներս մենք խորությամբ կանդրադառնանք վերաքննիչ դատարանի ընդունած այս ակտին։ Իսկ այս ընթացքում մեր հավաքականները շարունակում են խայտառակ պարտություններ կրել ու հավասարեցնել հայկական ֆուտբոլը գաճաճ պետությունների ֆուտբոլային մակարդակին»։
«Հրապարակ» թերթը գրում է․
Կառավարության մեր աղբյուրներն ասում են, որ Նիկոլ Փաշինյանն օրերս ընդունել է Ռուբեն Ռուբինյանին, որպեսզի քննարկեն Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացման ընթացքը եւ սահմանի բացման հետ կապված իրավիճակը։Մեր աղբյուրն ասում է, որ Ռուբինյանը զեկուցել է՝ Թուրքիայի հետ սահմանների բացման գործընթացն արագացնելու փորձերն առայժմ ոչ մի հաջողության չեն հասնում, եւ մեծ է հավանականությունը, որ նույնիսկ TRIPP-ի գործարկումից հետո Թուրքիան չի բացի սահմանները, եւ առավելագույնը, ինչ կարելի է ակնկալել, 2026 թվականի հունվարից դիվանագիտական անձնագիր ունեցողների համար սահմանի բացումն է։ Դա էլ դեռ հաստատ չէ:
Ըստ մեր աղբյուրի, Փաշինյանն արձագանքել է, որ եթե Թուրքիան չբացի սահմանները, ապա TRIPP նախագծի շահութաբերությունը եւ իմաստը կասկածի տակ կդրվեն, եւ նշել է, որ ինքն անձամբ կխնդրի Թուրքիայում ԱՄՆ դեսպան Բարաքին` այդ տեղեկությունը փոխանցել Թրամփին, որպեսզի նա ճնշում գործադրի Էրդողանի վրա։
Վարչապետի աշխատակազմում տեղեկանալով այս խոսակցության մասին, որոշ պաշտոնյաներ չեն կարողացել թաքցնել իրենց վերաբերմունքը. «Սկզբում ամբողջ աշխարհով մեկ գոռում են կոմունիկացիաների բացման մասին, որոնք միլիարդներ պետք է բերեն երկիր, իսկ հետո սկսում են մտածել, թե ինչպես համոզեն թուրքերին, որ բացեն սահմանները»:
