Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

Սամվել Ալեքսանյանին ստիպել են, Նախարարի՝ 3,150 դոլարանոց պայուսակն ու բրենդային կոստյումը. Մամուլը՝ սուրճով

Blog Image

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երեկ ՀԾԿՀ-ն պաշտոնապես հայտարարեց, որ Ռոմանոս Պետրոսյանը կշարունակի իրականացնել ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչի իր պարտականությունները, մինչեւ պետությունը առաջիկա 3 ամսում որոշում կկայացնի՝ ինչ ուղղությամբ է առաջ շարժվելու։

Բանն այն է, որ այսօր՝ նոյեմբերի 18-ին, լրանում է Պետրոսյանի պաշտոնավարման այն չորսամսյա ժամկետը, որի համար Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել էր «Հայաստանի էլեկտրական ցանցերի» կառավարիչ։ Իսկ «Էներգետիկայի մասին» օրենքով, լիցենցիայից զրկելու դեպքում, ժամանակավոր կառավարիչը շարունակում է գործել՝ մինչեւ նոր լիցենզիայի տրամադրումը։

«Ժողովուրդ» օրաթերթին կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը Պետրոսյանին հորդորել է չլքել ՀԷՑ-ը, մինչեւ բանակցությունների միջոցով նոր գնորդների «կգտնեն»:

Իսկ ՀԷՑ-ը նախօրեին փաստացի զրկվել է լիցենզիայից, եւ իրավիճակը պահանջում է շարունակական կառավարում։ Մինչեւ գործադիրը բանակցի հնարավոր գնորդների հետ, եւ մինչեւ որոշում կայացվի, թե ով է ձեռք բերելու ընկերությունը, Պետրոսյանն է շարունակելու ղեկավարել գործընթացը։ Դա կարող է տեւել երեք ամիս, իսկ եթե կառավորությունը արագ «գտնի» գնորդին, արդեն նոր կառավարիչ կարող է նշանակվել: Բայց Պետրոսյանը պետք է մինչեւ վերջ իրականացնի ՀԷՑ-ի շուրջ ընթացող պրոցեսը, եւ միայն դրանից հետո հեռանա պաշտոնից։

Նոր լիցենզիայի ստացման նախապատրաստական փուլն ու գնորդի հետ բանակցությունները նույնպես պետք է անցկացնի Ռոմանոս Պետրոսյանը։ Միայն այդ փուլից հետո կքննարկվի նրա հեռանալու հարց ջանը։

«Ժողովուրդ» օրաթերթի հետ հեռախոսազրույցում Ռոմանոս Պետրոսյանն ասաց, որ ինքը շարունակելու է իր աշխատանքը ՀԷՑ-ում:

Հիշեցնենք՝ Պետրոսյանը ստանում է կլորիկ աշխատավարձ եւ հրաժարվել է պարգեւավճարներից»։

 

 

«Հրապարակ» թերթը գրում է․ 

Ղազախական ցորենի շուրջ բարձրացած աղմուկից հետո Նիկոլ Փաշինյանը փորձեց ձեռքերը լվանալ թեմայից` հայտարարելով, որ ցորենն իրենք չեն բերում, այլ՝ մասնավոր ընկերություն: Հայտնի է, որ բերողը Սամվել Ալեքսանյանի ընկերությունն է, որը Ղազախստանից անորակ, 4-րդ կարգի ցորեն է ներկրել։ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց․ «Այդ գնումը կառավարությունը չի իրականացրել` մասնավոր ընկերություն է արել՝ իր կարիքների համար։

Կառավարությունն ընդամենը բանակցությունների արդյունքում ապահովել է ճանապարհի բացումը, իսկ գործարքը մասնավորն է կատարել։ Եթե ապրանքը բերել է ավելի հարմար ճանապարհով, ուզում եմ հասկանալ՝ ի՞նչն է խնդիրը»։ Ներկրող ընկերության պատասխանատուներից մեկից պարզեցինք, որ կառավարությունն ուղղակի պարտադրել է իր փիառի համար Ղազախստանից ներկրում իրականացնել:

Մեզ վստահեցրին, որ ներկրված 15 տոննա ցորենն ալյուր չի դարձել, թեպետ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը հայտարարել էր, թե ով գիտի՝ քանիսդ եք արդեն կերել այդ ալյուրից թխված հացը։ Հետաքրքրվեցինք` ի՞նչ են արել ղազախական ցորենը, ասաց՝ մի մասն օղու արտադրության մեջ են կիրառել, մի մասը՝ որպես անասնակեր։

Ի դեպ, ճանապարհը բացելու այս փիառի պատճառով Ռուսաստանը բարձրացրել է իր ցորենի գինը, որի հետեւանքները քաղաքացիները գուցե շուտով զգան իրենց մաշկի վրա։

 

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բացի այն, որ Փաշինյանն իր ամբողջ էներգիայով, իշխանության ունեցած վարչական ամբողջ ռեսուրսով իրականացնում էր Վաղարշապատում քաղաքապետ նշանակելու գործողությունը, շարունակում էր նաև ՀԱԵ հերթական եկեղեցին «գրավելու», կարգալույծ քահանաներով կեղծ «պատարագների» մասնակցելու գիծը: Այս անգամ՝ Խաչիկ գյուղում: Շատերը նկատեցին, որ կեղծ «պատարագի» մասնակիցների քանակը նվազում է կիրակիից կիրակի: Նկատեցին նաև, որ անցած երկու կիրակիներին Հովհաննավանքում ընդհանրապես գրեթե մարդ չկար, առավել ևս՝ քպական չկար, եթե չհաշվենք կարգալույծ արված Ստեփան Ասատրյանին:

Այս մասին շատ է խոսվում: Իսկ իրականում վստահ ենք, որ այդ ամենը Փաշինյանին քիչ է հետաքրքրում: Նա հստակ իր առաջ դրված խնդիրն է լուծում կամ փորձում լուծել, այն է՝ ամեն գնով զավթել Մայր Աթոռը, գրավել Վեհարանը և բռնի ուժով գահընկեց անել Ամենայն հայոց կաթողիկոսին:

Լավ, ինչո՞ւ է Փաշինյանը, չնայած մասնակիցների փոքր թվին, իր քաղաքական ակցիաները, «պատարագային» հանրահավաքները ոչ միայն շարունակում, այլև ամեն անգամ մի նոր վանք, եկեղեցի թիրախավորում այդ նպատակով: Հնարավոր նպատակներից մեկն այն է, որ նա այդպիսով նշված վանքերը որոշակիորեն «կտրում է» Մայր Աթոռից: Համենայն դեպս, այն վանքերը, որտեղ նա ոտք է դրել ու որտեղ նրա համար «պատարագ» անվանման ներքո հակականոնական բեմադրություն է արվել, հանրությունն ընկալում է որպես պղծված սրբավայր: Հակա-«պատարագով» այդ վանքերը հասարակության աչքում որոշակիորեն օտարվում են Հայ առաքելական եկեղեցուց: Դե, առնվազն այդպիսի հույս ունի Նկոլ Փաշինյանը ու դրան է ձգտում:

Զուգահեռաբար, նա պառակտում է մտցնում հոգևորականության մեջ, գտնում է ինչ-ինչ «հոգևորականների», մեկին կամ երկուսին, հետո երեքին-չորսին, քիչ-քիչ, բայց գտնում է ու այդ չափով պառակտում: Ու դա անում է հետևողականորեն:

Այո, շատերը ծաղրում են, հակա-«պատարագների» մասնակիցների նվազ քանակն են նշում և այլն: Բայց Փաշինյանը թքած ունի նման «մանրուքների» վրա: Նրա պատերազմը Հայ առաքելական եկեղեցու դեմ է, և նա հետամուտ է իր առաջ դրված խնդրին. վանքերն է կտրում Եկեղեցուց, քրիստոնյաներին կտրում է պղծված վանքերից, միաբանության ներսում է պառակտում գցում, որպեսզի հաջորդող գործողություններով քայլ առ քայլ մոտենա Մայր Աթոռը զավթելուն:

Դատելով Վաղարշապատի ընտրության արդյունքների 48 տոկոսից նաև ցուցադրաբար ոգևորվելուց՝ Փաշինյանը տրամադրված է մոտակա հեռանկարում իրականացնել իր «ջախջախիչ» հարձակումը Մայր Տաճարի, Մայր Աթոռի ու Վեհարանի վրա:

 

 

«Հրապարակ» թերթը գրում է ․ 

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը Հայաստանում քաղբանտարկյալների եւ նրանց իրավունքների վերականգնման մասին հայտարարության նախագիծ է շրջանառության մեջ դրել։ Արձանագրել են Հայաստանում ժողովրդավարության հետընթացը, «որի բաղկացուցիչ մասն են կազմում խոսքի, խղճի, հավաքների ազատությունների կոպիտ ոտնահարումները, ԶԼՄ-ների հանդեպ ճնշումները, շինծու քրեական գործերը՝ քաղաքական այլ հայացքներ ունեցող գործիչների նկատմամբ, ընտրովի արդարադատությունը, կոռուպցիայի ահագնացող մակարդակը․․․»։

Իշխանությունը, ըստ ընդդիմության, վերածվել է քաղաքական հետապնդումների, հալածանքների եւ հաշվեհարդարի բացահայտ գործիքի։ Հայտարարությունում հիշեցնում են, որ կալանք են կրում ու դատապարտվել են հոգեւոր սպասավորներ, զոհված զինծառայողների հարազատներ, ընդդիմադիր քաղաքական գործիչներ, բարեգործներ, Արցախի պատգամավորներ, ՏԻՄ  ներկայացուցիչներ եւ այլք։ Եվ վստահեցնում են, որ վերը թվարկված բոլոր անձինք ԵԽԽՎ սահմանված չափանիշներով քաղբանտարկյալներ են, որոնց ազատազրկումն իրականացվել է բացառապես քաղաքական դրդապատճառներով։ 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Այս շաբաթ սկանդալ պայթեց՝ շքեղ կյանքը մերժելու եկած իշխանության ներկայացուցիչներից մեկի համար, երբ «Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահը բացահայտեց, որ մեկ հիվանդի բուժման արժեքը պոլիկլինիկայում ընդամենը 200 դրամ է, իսկ նախարարի պայուսակը՝ 1,2 միլիոն դրամ։ Արդյունքում նախարարի՝ 3,157 դոլարանոց պայուսակը դարձավ քննարկման առարկա՝ ինչպես պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի տիկնոջ՝ Ռուզան Խաչատրյանի թանկարժեք լուքը։

«Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը փորձեց պարզել՝ ինչ արժե նախարարի հագուկապը, ինչպես է նա իր աշխատավարձից ավելի թանկ պայուսակ գնել։ Անահիտ Ավանեսյանը ժպտաց, անկեղծացավ ու մանրամասնեց, որ ոչ մի բրենդային հագուստ չունի, միայն թույլ է տվել իրեն ունենալ բրենդային թանկարժեք մեկ պայուսակ: Այդ դեպքում հարց է առաջանում, թե այդ ամիս նա եւ ընտանիքի անդամներն ինչպես են ապրել:
 

Նախարարն ասում է՝ «միայն մեկ թանկարժեք պայուսակ ունեմ», բայց չի մանրամասնում, թե ո՞րն է էժանի սահմանը։ Համաձայնեք, որ սա ոչ թե նորաձեւության մասին պատմություն է, այլ քաղաքական միֆ՝ կարծես «պետական պարզության» մասին, քանի որ նախարարը չի հայտարարագրել իր պայուսակը։

 Սակայն, բացի պայուսակից, խորհրդարան գալու օրը նախարարի հագուկապից կոշիկները եւ գոտին նույնպես բավականին թանկարժեք էին. եթե դրանք բրենդային են, ապա նախարարի գոտին (լուսանկարներն առկա են տեսանյությում) արժե մոտ 180 հազար դրամ, իսկ վագրային նախշերով կոշիկները՝ մոտ 600 հազար ՀՀ դրամ։

Իհարկե, նախարարն ունի լիարժեք իրավունք՝ ընտրելու իր ոճը, գնելու իրեն դուր եկած իրերը, բայց թափանցիկության մասին խոսող ՔՊ-ի պաշտոնյան ավելի թափանցիկ պետք է լինի։ Առավել եւս, երբ առողջապահության ոլորտում բժիշկները, բուժաշխատողները պայքարում են աշխատավարձերի բարձրացման համար, այս ֆոնին նախարարի պայուսակի գինն այլ հնչողություն է ստանում:

«Ժողովուրդ» օրաթերթը նախարարից հետաքրքրվեց նաեւ նրա կրած զարդերի մասին՝ թանկարժեք մետա՞ղ են, թե՞ ոչ, քանի որ աչքի էին զարնում։ Նախարարն արձագանքեց, որ դրանք պարզապես բիժուտերիա են, որը նա սիրում է եւ գրեթե միշտ կրում։

Այսպիսով՝ նշենք, որ նախարարի լուքը, կոստյումի մասով գոնե, իսկապես շատ թանկ չէր. ամերիկյան կայքում նման կոստյումն արժե 106 հազար դրամ: Հավանաբար՝ այդքան էլ տաբատը։

 

Send