Այստեղ եմ՝ որպես ՔՊ-ի կողմից առաջադրվելիք քաղաքապետի թեկնածու. Ավինյանը «Սուրմալու»-ում է

 

Տեղի ունեցած ողբերգությունը սթափեցնող ու ցավալի է։ Այդ մասին այսօր «Սուրմալու» առևտրի կենտրոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ վարչության անդամ Տիգրան Ավինյանը։

Նրա խոսքով՝ սա առիթ է տալիս մտածելու նմանատիպ նյութերի պահման, մեր մշակույթում հրավառություն օգտագործելու մասին։

«Հուսով եմ, որ սա մեր հասարակության համար սթափեցնող էր։ Մենք պետք է կարողանանք այդ մշակույթից հրաժարվել։ Բացի այն, որ հրավառությունը խախտում է մարդկանց անդորրը, այժմ էլ պարզ է, որ մեծ վտանգ է ներկայացնում։ Այդ ռիսկերը պետք է կարողանանք կառավարել»,- ասաց Ավինյանը։

Ըստ նրա՝ սա միան ԱԻՆ մասշտաբի հարց չէ, պետք է կանխարգելիչ քայլեր արվեն։

Դիտարկմանը, որ ոստիկանությունը տուգանում էր ուշ ժամերին հրավառություն անողներին, իսկ հիմա նման բան չի արվում, Տիգրան Ավինյանն արձագանքեց՝ ասելով՝ երբ հրավառական արտադրանքը գտնվում է ազատ վաճառքում, վերահսկողություն իրականացնելը շատ բարդ է դառնում։

«Այսինքն՝ այստեղ միայն ժամերի հարցը չէ, առհասարակ, մենք պետք է գիտակցենք, որ մեր միջոցառումներին պարտադիր չէ հրավառություն անել, պայթյունները խախտում են մարդկանց անդորրը։ Բացի այդ, նման միջոցների պահպանումը նման վտանգներ է պարունակում։ Մենք պետք է ռադիկալ ձևով, միայն պետական միջոցառումներին թույլատրենք հրավառություն անելը»,- նշեց նա։

Ավինյանը շեշտեց, որ իր սուբյեկտիվ կարծիքով այս պայթյունը որևէ տեռորիստական հիմք չունի, հարուցվել է քրեական գործ, որը ցույց կտա, թե ինչ է տեղի ունեցել։

«Մոտ չորս տոննա հրավառական արտադրանք կար, և մեկ փոքր կայծը նման հետևանքի կարող է բերել։ Կրկին ասում եմ, մեր խնդիրը նման նյութերի պահպանումն ու օգտագործումը կանխելն է»,- նկատեց նա։

Հարցին, թե որպես ո՞վ է Ավինյանն այսօր եկել «Սուրմալու» առևտրի կենտրոն, նա պատասխանեց․

«Ես այստեղ եմ որպես ՔՊ վարչության անդամ, և այո՛, որպես ՔՊ կողմից առաջադրվելիք քաղաքապետի թեկնածու»։