ՊԵԿ-ը խոշոր տուգանքներ է գրել ՔՊ-ական մարզպետի, Հովիկ Աբրահամյանի, Արթուր Բաղդասարյանի և այլոց ընկերությունների վրա 

ՊԵԿ-ը խոշոր տուգանքներ է գրել ՔՊ-ական մարզպետի, Հովիկ Աբրահամյանի, Արթուր Բաղդասարյանի և այլոց ընկերությունների վրա 

Անցյալ տարվա վերջին պետեկամուտների կոմիտեն և Քննչական կոմիտեն մի իսկական «ռեյդ» են իրականացրել մի շարք գինու, կոնյակի գործարաններում և խոշոր տուգանքներ գրել դրանցից մի քանիսի վրա։ Մենք տեղեկացանք, որ ՊԵԿ-ն ընդհուպ 1 միլիարդ դրամի հասնող տուգանքներ է գրել մի շարք խոշոր գինու-կոնյակի գործարանների վրա, որոնց տերերը հանրությանը հայտնի դեմքեր են։ Ու քանի որ տուգանքի չափը մեծ է եղել, Քննչական կոմիտեն նախաձեռնել է քրեական վարույթ։ 

Այդ ընկերություններից մեկը Արարատի ՔՊ-ական մարզպետ Սեդրակ Թևոնյանին ու նրա հորը՝ Ռազմիկ Թևոնյանին պատկանող Երասխի գինու գործարանն է, մյուսը՝  նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող ընկերությունն է, տուգանվողների ցանկում են նաև Վեդի Ալկոն, Արարատի գինու գործարանը և ԱԺ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի գրուպը»։

Այս ընկերությունների վրա, մեր տեղեկություններով, ՊԵԿ-ը 400 մլն դրամից մինչև 1 մլրդ դրամի հասնող տուգանքներ է գրել և գործն ուղարկել Քննչական կոմիտե։

ՔԿ-ից հաստատեցին մեր տեղեկությունը, որ մի քանի քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի հատկանիշներով՝ հարկեր, տուրքեր կամ այլ վճարներ չվճարելը։ 

«Այս պահին հարկային համալիր ստուգում է նշանակվել, նախաքննությունը շարունակվում է»,- MediaHub-ին ասացին Քննչական կոմիտեից։

Փաստորեն, մի կողմից Ռուսաստանն է քաղաքական նպատակներով պարբերաբար ճնշում և խոչընդոտներ հարուցում հայ արտահանողների համար, մյուս կողմից էլ Հայաստանի իշխանություններն են ամեն ինչ անում, որ բազմաթիվ աշխատատեղեր ունեցող և միլիոնավոր դրամների հարկեր վճարող ընկերությունները փակվեն։ 

Հարց է առաջանում՝ այդ ինչքա՞ն մեծ շրջանառություն ունեն այդ ընկերությունները, որ մի բան էլ 1 միլիարդի հասնող հարկ են թաքցրել։ Առհասարակ, ՊԵԿ-ն ու Քննչական կոմիտեն ի՞նչ տրամաբանությամբ են առաջնորդվում մարդկանց վրա այսպիսի տուգանքներ գրելիս, և ո՞րն է այսպիսի հարկային քաղաքականության նպատակը, եթե ոչ թշնամությունը սեփական երկրի տնտեսվարողի հանդեպ։

Ի դեպ, մենք տեղեկացանք նաև, որ այս քրգործերի շրջանակում նաև ձերբակալություններ են եղել, Քննչական կոմիտեն որոշ ընկերություններից, օրինակ՝ «Հայասի գրուպից» տարբեր պատասխանատու անձանց է ձերբակալել, ապա բաց թողել։ Բայց սա ամենը չէ «Հայասիի» մասով։

Մենք տեղեկացանք, որ ընկերությունը հայտնվել է ծանրագույն վիճակում և այս պահին փաստացի չի գործում, կարելի է ասել՝ փակվել է, քանզի ընդամենը մեկ աշխատող է մնացել։ Բայց «Հայասին» միայն հարկային ծանր բեռի և խոշոր տուգանքների պատճառով չէ հայտնվել այս վիճակում, վերջին շրջանում Արթուր Բաղդասարյանին պատկանող ընկերությունն առանց այդ էլ խրված էր պարտքերի և ֆինանսական խնդիրների մեջ, ՊԵԿ-ի գրած տուգանքներն էլ կրակին յուղ լցրեցին։

Վահե Մակարյան