Փաշինյանի ամեն հանդիպում նոր «նոյեմբերի 9» է, նոր աղետ․ Մետաքսե Հակոբյան

Փաշինյանի ամեն հանդիպում նոր «նոյեմբերի 9» է, նոր աղետ․ Մետաքսե Հակոբյան

Արդեն հայտնել ենք, որ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում այսօր՝ փետրվարի 18-ին, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կհանդիպի Հայաստանի և Ադրբեջանի առաջին դեմքերի՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ։

Ըստ մասնագիտական շրջանակների՝ այս հանդիպման ընթացքում «խաղաղության պայմանագրի» վերջին մեխը կամրացվի, ինչով էլ կորոշվի երկու ամսից ավելի գերության մեջ գտնվող Արցախի ճակատագիրը։
Ի՞նչ է Արցախը սպասում այս հանդիպումից։

MediaHub.am-ը զրուցեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ։

Վերջինիս խոսքով՝ Փաշինյանի ամեն հանդիպում մի նոր «նոյեմբերի 9» է, ուստի պետք չէ սպասել որևէ լավ բանի։

«Ամեն անգամ լարվում ենք, որ նոր աղետ է լինելու, նոր կորուստ։ Իսկ կանխատեսում անելն արդեն շատ հեշտ ու պարզ է․ վերջին հանդիպումներն էլ են փաստում, որ «խաղաղության պայմանագրի» արևմտյան տարբերակը սեղանին է, և ինչքան էլ իշխանական թևը հերքի, այն ստորագրվելու է։ Վերջերս նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Թուրքիայում բացահայտ խոսեց այդ պայմանագրից, թե արդեն իսկ հստակեցված են բազմաթիվ դրույթներ, և հետևաբար, այո՛, աշխատանքեր տարվում են հենց այդ ուղղությամբ։ Պարզ երևում է, որ երկու կողմերը, նաև Թուրքիան շահագրգիռ են այդ հարցում, որ շատ արագ կնքվի Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչող պայմանագիրը»,- նկատեց Հակոբյանը։

Հարցին, թե այդ դեպքում ի՞նչ պետք է անի Արցախի իշխանությունը, Մետաքսե Հակոբյանը պատասխանեց՝ մեկ բան կար անելու՝ դեմ գնալ ՀՀ իշխանության քայլերին։

«Արցախի իշխանությունը պետք է ազդեցություն ունենար ՀՀ իշխանության վրա, կարողանար ճնշում գործադրել, կամ, եթե գործընկերային հարաբերություններ կան, ապա դրանք օգտագործեր։ Բայց չէ, Արցախի նախագահը քաջություն չունեցավ ճնշումներ գործադրելու, նա ունակ էլ չէ։ Հետևաբար այժմ նայում ու սպասում է, թե երբ է ՀՀ ազգակործան իշխանությունը վերջնականապես փակելու Արցախի հարցը»,- ասաց նա։

Բայց և այնպես, Հակոբյանը վստահեցրեց՝ եթե Արցախի իշխանությունը լռում է, ապա արցախցին ոտքի է կանգնելու, նա պայքարելու կամք ունի։

«Ասվածի վառ ապացույցն այն է, որ երկու ամսից ավելի գերության մեջ գտնվելու պայմաններում անգամ որևէ րոպե արցախցին չի թուլացել ու չի հանձնվել»,- ամփոփեց խոսքը Հակոբյանը։

Նարե Գնունի