Փաշինյանը հրահանգներ է տվել, Երբ Արցախի ԱԺ-ն նոր նախագահ կունենա. Մամուլը՝ սուրճով

Փաշինյանը հրահանգներ է տվել, Երբ Արցախի ԱԺ-ն նոր նախագահ կունենա. Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը երկուշաբթի երեկոյան՝ հուլիսի 31-ին, հավաքույթ է իրականացնելու. ՔՊ-ն, ավագանու ընտրություններին ընդառաջ, դրամահավաք է կազմակերպելու:

Տեղեկացանք, որ միջոցառմանը Նիկոլ Փաշինյանը եւս մասնակցելու է, իսկ հավաքույթի անցկացման վայրի հետ կապված դեռ քննարկում են, բայց հավանական է, որ ՔՊ-ն հավաքն անցկացնի «Դվին» ռեստորանում: Ինչպես ՔՊ-ական մեր աղբյուրները փոխանցեցին, հավաքույթով պայմանավորված՝ կուսակցությունում այս օրերին շատ խառն են, պատրաստվում են, որպեսզի հավուր պատշաճի անցնի միջոցառումը:

Ավելին՝ ինչպես մեր աղբյուրներն են փոխացնում, Նիկոլ Փաշինյանը ներքին կարգով պատգամավորներին հրահանգել է՝ ամեն մեկն իր կողմից առնվազն 5 հյուր բերի, որպեսզի հավաքույթը մարդաշատ անցնի. բացի սա, պատգամավորներին ասվել է, որ իրենց բերած հյուրերից յուրաքանչյուրը 20.000-ական դրամ պիտի նվեր տա իշխող կուսակցությանը դրամահավաքի անվան տակ:

Նշենք, որ ՔՊ-ն նման դրամահավաք արել էր նաեւ 2017, 2018 եւ 2021 թվականներին։ Տարեցտարի նրանց նվիրատուների, առավել եւս՝ անանուն նվիրատուների թիվը մեծացել է: Հիշեցնենք, որ երբ ՔՊ-ն ընդդիմադիր էր, այդպիսի շռայլ դրամներ ու նվերներ չէր ստանում»:

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

Արցախի խորհրդարանն իր արտահերթ նիստում երեկ փոփոխություն է կատարել ԱԺ կանոնակարգ օրենքում՝ ԱԺ նախագահի ընտրության կարգում։ Քանի որ Արցախի գործող Սահմանադրությամբ՝ ԱԺ նախագահն է երկրի նախագահի հրաժարականից հետո կատարում պետության գլխի պարտականությունները, ուստի ստեղծված իրավիճակում եւ ռազմական դրության պայմաններում քաղաքական որոշում է կայացվել՝ ԱԺ նախագահի ընտրության ժամկետները հնարավորինս սեղմել եւ 10-օրյա ժամկետը հասցնել 2-ի։ Հենց այս պատճառով է, որ նախորդ օրերին Արթուր Թովմասյանը պաշտոնապես չներկայացրեց հրաժարականի դիմում՝ այդ դեպքում կգործեր հին օրենքը, եւ 10 օր խորհրդարանը կմնար առանց խոսնակի։

Արցախում նախատեսում են, որ ամենաուշը երեքշաբթի, արտահերթ նիստով նոր խոսնակ կընտրեն, ըստ կարգի՝ ԱԺ խմբակցությունները կներկայացնեն իրենց թեկնածուներին, քաղաքական կոնսենսուս կա դաշնակցական Դավիթ Իշխանյանի շուրջ։ ԱԺ խոսնակն ընտրվում է ձայների պարզ մեծամասնությամբ, ԱՀ խորհրդարանի դեպքում՝ 17 ձայնով, Արայիկ Հարությունյանի «Ազատ հայրենիքը» 16 ձայն ունի, ՀՅԴ-ն՝ 3, սակայն Իշխանյանի առաջադրման դեպքում նրան կսատարեն նաեւ մյուս ընդդիմադիր խմբակցությունները՝ ԱԺԿ-ն եւ «Արդարությունը»։

«Հրապարակ» թերթը գրում է. 

Մեկուկես տարի կալանավորված պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովի 2 նիստի կմասնակցի՝ օգոստոսի 1-ին եւ 2-ին։ Տոնոյանը խորհրդարան է ժամանելու քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների ուղեկցությամբ։ Ըստ մեր աղբյուրի՝ նիստն անցկացվելու է փակ ֆորմատով, առցանց չի հեռարձակվելու, ինչպես եղավ վարչապետ Փաշինյանի մասնակցության ժամանակ։

Մինչդեռ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ավելի վաղ մեզ հայտնել էր, թե Տոնոյանի հետ համաձայնեցնելուց հետո կորոշեն՝ նիստը անցկացնել բաց, թե փակ ձեւաչափով։ Սա նշանակում է, որ նախկին նախարարը դեմ չէ փակ ձեւաչափին։ Սակայն մինչեւ Փաշինյանի՝ հանձնաժողով գնալը, Տոնոյանն իր մասնակցության համար պայման էր դրել, թե կգա այն ժամանակ, երբ Փաշինյանը ներկա գտնվի, իսկ նիստը լինի բաց։ Գուցե մտափոխվել է Փաշինյանի մասնակցությունի՞ց հետո։ Ոմանք չեն բացառում, որ այսպիսով նա փորձում է մեղմել իր նկատմամբ իշխանությունների վերաբերմունքը եւ առճակատման չգնալ Փաշինյանի հետ։

«Իրավունք» թերթը գրում է.

«Երկրի համար օրհասական այս օրերին ՀՀ կառավարությունում աշխատանքն ամենեւին էլ արտակարգ ռեժիմով չի ընթանում: Ավելին` արձակուրդային տրամադրությունները գերիշխում են առկա մարտահրավերների վերաբերյալ մտահոգություններին:

Այսպիսով` արձակուրդ են մեկնում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը եւ այլք:

Սակայն այս շարքում ուշագրավ է Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթեւոսյանին արձակուրդ տալու որոշումը: Նրան տրամադրվել է չվճարվող արձակուրդ` ո՛չ ավել, ո՛չ պակաս 24 օր տեւողությամբ: Ըստ էության, հուլիսի 31-ից մինչեւ օգոստոսի 23-ը ներառյալ, Փաշինյանը կմնա առանց Համբարձումի խորհուրդների»: