Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

Վստահաբար, հարցաքննվել են Արայիկ Հարությունյանը, Ջալալ Հարությունյանը, որքան հիշում են նաև Սամվել Բաբայանը․«Հրապարակ»

Blog Image

«Հրապարակ» օրաթերթը գրում է.  Մենք գրել էինք, որ Արցախի գլխավոր դատախազությունում 44-օրյա պատերազմի եւ 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության առնչությամբ քրեական վարույթ է հարուցվել։ Վարույթի շրջանակում Արցախում հարցաքննվել է նաեւ 2020թ․ մայիսի 29-ից մինչեւ նոյեմբերի 10-ը Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցրած Սամվել Բաբայանը։ Մեզ հասանելի է դարձել հարուցված քրեական վարույթի շրջանակում Սամվել Բաբայանի տված ցուցմունքը։ 

Այն ժամանակ Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին տված ցուցմունքում Բաբայանը հայտնել է, որ 44-օրյա մահաբեր պատերազմի ժամանակ Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները 2 անգամ դիմել են Փաշինյանին՝ պատերազմն ամեն գնով կանգնեցնելու խնդրանքով։ Ըստ այդ ցուցմունքի՝ Փաշինյանին նախ խնդրել են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը եւ այդ ժամանակ գործող նախագահ Արայիկ Հարությունյանը, իսկ երկրորդ անգամ՝ Արցախի ԱԺ-ում ընդգրկված քաղաքական ուժերը։ Սամվել Բաբայանը պատմել է, որ ինքը տեղյակ է եղել այդ խնդրանքներից եւ իր ցուցմունքում ասել է, որ երբ Փաշինյանը պատերազմը կանգնեցնելու համար դիմել է ՌԴ նախագահին, ադրբեջանական կողմն ավելի մեծ պահանջներ է ներկայացրել։ 

«Նոյեմբերի 9-ի երեկոյան ես տեղեկացել եմ, որ Փաշինյանը պատրաստվում է ստորագրել հայտնի հայտարարությունը, եւ այն կանխելու համար գնացել եմ ՀՀ կառավարություն, բայց արդեն ուշ էր, ինձ չի հաջողվել հանդիպել Փաշինյանին։ Ես Փաշինյանի այդ քայլը համարում եմ դավաճանություն։ Պատերազմի ընթացքում Արայիկ Հարությունյանի հետ պարբերաբար քննարկել ենք պատերազմի ընթացքն ու համոզվել, որ Պաշտպանության բանակն ի վիճակի չի եղել դիմակայելու հարձակմանը։ Արայիկ Հարությունյանը ցանկանում էր, որ օր առաջ ռազմական գործողությունները դադարեցվեն։ Սակայն գիտակցում էր, որ դա իրենից կախված չէ»,- ասել է Բաբայանը։

Բաբայանի ողջ ցուցմունքը չենք հրապարակում` անվտանգության նկատառումներից ելնելով։ Տեղեկացանք, որ նոյեմբերի 29-ին ԱԺ Քննիչ հանձնաժողովը հարցաքննելու է նաեւ Սամվել Բաբայանին՝ ելնելով նրա ցանկությունից։ Հանձնաժողովի ձեւավորումից հետո Սամվել Բաբայանը, որպես անկախ խորհրդատու, պետք է մասնակցեր հանձնաժողովի աշխատանքներին, սակայն հետո կեսից փոշմանել էր՝ հայտարարելով, թե «կան խաղի կանոններ, եթե ինչ-որ մեկի անունն ունեն խայտառակելու, ինձ չունեն»։ Հետաքրքիր է, թե ինչ ցուցմունք է տալու Բաբայանը քննիչ հանձնաժողովին եւ արդյո՞ք պնդելու է արցախյան ցուցմունքում ասածները՝ Փաշինյանին անվանելով դավաճան, որն օր առաջ չի կանգնեցրել պատերազմը։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

 

Send