ՔՊ-ականները պետությունը զարգացնելու փոխարեն զբաղված են իշխանություն վայելելով

ՔՊ-ականները պետությունը զարգացնելու փոխարեն զբաղված են իշխանություն վայելելով

«Ընդդիմությունը վերջնականապես կորցրել է իր հեղինակությունը անգամ իր ընտրողների շրջանում»: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը:

ՔՊ-ական պատգամավորները, որոնց մեծամասնությանը ոչ հայ ժողովուրդն է ճանաչում, ոչ անգամ այն շենքի բնակիչները, որտեղ նրանք բնակվում են, խոսում են ընդդիմությունից հանրության հիասթափության մասին: Ինչով է չափել Հռիփսիմե Գրիգորյանն ընտրողների տրամադրությունն ու ընդդիմության հեղինակության մակարդակը՝ բարդ է ասել՝ միգուցե սուրճի բաժակ է նայել կամ հարցրել է հոսող ջրից: 

Ընդդիմության շարժումն այն աստիճանի խուճապ է առաջացրել Փաշինյանի և իշխող խմբակի մոտ, որ ՔՊ-ն ամեն օր արթնանում և քնում է ընդդիմության մասին նորանոր ֆեյքեր հորինելով՝ ամեն օր խոսում է ընդդիմության ակցիաների մասին և եթե ընդդիմությունն իրական վտանգ չի ներկայացնում գործող իշխանությունների համար, ապա ՔՊ-ն կարող էր ուղղակի չխոսել ընդդիմության մասին՝ տեղեկատվական վակուում առաջացնելով ընդդիմության ցույցերի շուրջ:

ՔՊ-ականների նկատմամբ ՀՀ քաղաքացիների և արցախահայության իրական վերաբերմունքի մասին Հռիփսիմե Գրիգորյանը կարող է իմանալ՝ այցելելով ՀՀ մարզեր և Արցախ՝ այնտեղ նա կլսի ՔՊ-ի մասին այնպիսի բառեր, որ գիշերները չի կարողանալու քնել:

ՔՊ-ն իր ոչ պրոֆեսիոնալ քայլերով կազմաքանդել է տնտեսությունը՝ գնաճ, աղքատություն, դատարկ բյուջե և չդադարող պարգևավճարներ ՔՊ-ականներին:

Գործող իշխանությունները չունեն որևէ շոշափելի արդյունք, որոնք կարող են մատուցել հանրությանը՝ Արցախը փլատակների մեջ է, Շուշին՝ հանձնված, հայ ազգն արտագաղթում է, իսկ թուրքերն ու ադրբեջանցիները քարտեզներում Սյունիքը պատկերում են իրենց երկրների սահմաններում:

Վահրամ Բագրատյան