607 մլն դրամ՝ գծանշումների համար,ՀՅԴ-ում ոչ միանշանակ է ընդունվել Իշխանյանի առաջադրումը․ Մամուլը՝ սուրճով

 607 մլն դրամ՝ գծանշումների համար,ՀՅԴ-ում ոչ միանշանակ է ընդունվել  Իշխանյանի առաջադրումը․ Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Խորհրդարանը սեպտեմբերի 12-ից կվերսկսի իր աշխատանքը: Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթի խորհրդարանական աղբյուրներն են փոխանցում, ԱԺ նոր նստաշրջանը թեժ է լինելու, մի շարք կարեւոր եւ մեծ աղմուկ բարձրացրած օրենքի նախագծեր պետք է քննարկվեն, այդ թվում՝ «ՀայաՔվե» նախաձեռնության օրենքի նախագիծը, որը Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումից հրաժարվելու եւ Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար խիստ պատիժ է նախատեսում: Նախագիծը ԱԺ կգա սեպտեմբերի կեսին, այն ԱԺ-ում պետք է ընդունվի պատգամավորների ձայների մեծամասնությամբ:

«Ժողովուրդ» օրաթերթն իշխանական իր աղբյուրներից տեղեկացավ, որ ՔՊ-ում արդեն իսկ վերջնական որոշում կա, որ դեմ են քվեարկելու նախագծին: ԱԺ նոր նստաշրջանում քննարկվելու է նաև երկար չարչրկված Հռոմի ստատուտը, որը դեռ կառավարությունում է:

Բանն այն է, որ ՔՊ-ականները դեռ չգիտեն՝ ինչպես վարվել նախագծի հետ, ինչպես անեն, որ Ռուսաստանի հետ լարված հարաբերություններն ավելի չլարեն: Հենց սրանով է պայմանավորված, որ նախագիծը դեռ օդում կախված է մնում, կառավարությունն այն չի ուղարկում ԱԺ:

Այսպիսով, կարող ենք արձանագել, որ աշունը թեժ է լինելու, մի կողմից՝ ԱԺ նիստեր, մյուս կողմից՝ ավագանու ընտրություններ»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանը պարբերաբար տեղեկացնում է քաղաքի այս կամ այն հատվածում տեղի ունեցող գծանշումների մասին, որոնք հիմնականում կատարվում են գիշերային ժամերին երթևեկությանը այդքան շատ չխոչընդոտելու համար: Նախազգուշացումներին հաջորդող մի քանի օրերին էլ որոշ փողոցներում եղած վառ գծանշումները կարծես հույս են ներշնչում, թե քաղաքային իշխանությունները հավուր պատշաճի կատարում են իրենց աշխատանքը, իսկ ստեղծված ժամանակավոր անհարմարություններին կարելի է ըմբռնումով մոտենալ. հո ամեն օր գծանշում չե՞ն անում այս մարդիկ:

Գովելի է, ինչ խոսք: Սակայն սա հարցի միայն լուսավոր կողմն է: Շարժվենք առաջ: Լավագույն դեպքում՝ շաբաթներ անց, վատագույն դեպքում օրեր անց նույն փողոցներով անցնելիս կարելի է նկատել գծանշումներ թարմացնող անձանց, քաղաքապետարանի կողմից էլ՝ հերթական տեղեկությունը։ Փաստորեն, «ամե՞ն օր» գծանշում են թարմացնում:

«Ժողովուրդ» օրաթերթը Երևանի քաղաքապետարանից փորձեց ճշտել, թե որքան գումար են ծախսել ներկանյութերի վրա երկու տարվա կտրվածքով՝ 2021 թվականի օգոստոսի 1-ից առ այսօր, և ինչպես են ընտրում, թե ինչ ներկով են գծանշումներ կատարելու։ Ի պատասխան՝ մեզ ասացին, որ տրանսպորտի բնագավառում Երեւանի քաղաքապետին վերապահված լիազորությունները կարգավորված են «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով, որի 57-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին մասի համաձայն` Երեւանի ճանապարհային գծանշումների, ինչպես նաեւ երթեւեկության նշանների եւ լուսացույցների տեղադրման միջոցով ճանապարհային երթեւեկության կարգավորումը դասվում է տրանսպորտի եւ ճանապարհաշինության բնագավառում քաղաքապետին վերապահված պատվիրակված լիազորությունների թվին: Վերը նշված լիազորությունները Երեւանի քաղաքապետին պատվիրակվել են 2022 թվականից: 2022 թվականի հունվարից մինչ օրս Երեւան քաղաքում գծանշումների համար ծախսվել է շուրջ 607,337,063 ՀՀ դրամ: «Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հայտարարվում է մրցույթ, որի արդյունքներով էլ իրականացվում են գծանշումների թարամացման աշխատանքներ: Հաղթող ճանաչված ընկերությունը գծանշումների թարմացումն իրականացնում է այն ներկով, որը պահանջվել է տեխնիկական բնութագրով»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շուտով կլրանա մեկ տարին, ինչ ՀՀ քննչական կոմիտեում շարունակվում է 2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր»-ում տեղի ունեցած խայտառակ միջադեպի գործը։

Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցավ քաշքշուկ ոստիկանների եւ զոհված զինծառայողների ծնողների միջեւ։

ՀՀ անկախության օրը՝ վաղ առավոտյան, ոստիկանության ծառայողներն անհամաչափ բռնի ուժի գործադրմամբ «Եռաբլուր»-ից բերման էին ենթարկել 37 քաղաքացու՝ զոհված զինծառայողների ծնողների, որոնք ցանկանում էին թույլ չտալ Նիկոլ Փաշինյանին մուտք գործել պանթեոն՝ նշելով, որ իրենց որդիների մահվան մեղավորը չի կարող մուտք գործել «Եռաբլուր»։

Այս խայտառակ միջադեպով հարուցվեց քրեական գործ:
Ավելին՝ կան ծնողներ, որոնց մարմնական վնասվածքներ ստանալու փաստը փորձաքննությամբ հաստատված է, 16 ծնողները տուժող են ճանաչվել, սակայն ոչ ոք պատասխանատվություն չի կրել առ այսօր:
Թերեւս չի էլ լինի պատիժ, քանի որ այդ ծեծն ակնհայտորեն ուներ քաղաքական հրահանգ»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՅԴ խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանի՝ Արցախի ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրվելու հարցը թեժ քննարկումների թեմա է դարձել ՀՅԴ հայաստանյան կառույցում:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՅԴ-ում ոչ միանշանակ է ընդունվել նրա առաջադրումը, այն էլ՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ղեկավարած քաղաքական ուժի՝ «Ազատ հայրենիք-ՔՄԴ»-ի կողմից: Դաշնակցականները օրեր շարունակ քննարկել են նրա առաջադրման հարցը, դաշնակցականների մեծ մասը դեմ է արտահայտվել. ասել են, որ պետք չէ առաջադրել Արայիկ Հարությունյանի ղեկավարած քաղաքական ուժի կողմից, կրել նրա հետ բոլոր անհաջողություններն ու հայրենիքի շահը չսպասարկող որոշումները, այլապես կստացվի, որ կիսում են նրա տեսակետները եւ հավասարապես պետք է պատասխանատվություն կրեն Արցախում ստեղծված իրավիճակի համար: Վերջում, սակայն, Դավիթ Իշխանյանը որոշում է կայացրել, որ, այնուամենայնիվ, կընդունի Արցախի իշխանությունների առաջարկը և կդառնա ԱԺ նախագահ:

Այս հարցի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանություն խնդրեց ՀՅԴ անդամ, ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանից։
«Ինչպես ցանկացած կարևոր հարց, այնպես էլ ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանի՝ Արցախի ԱԺ նախագահ ընտրվելու հարցը հանգամանորեն քննարկվել է ՀՅԴ-ում, այդ թվում՝ ՀՅԴ Հայաստանի կառույցում։
Պայմանավորված հարցի բնույթով և Արցախում ստեղծված իրավիճակով՝ հարցը քննարկվել է հանգամանորեն, և հաշվի են առնվել հարցի բոլոր նրբերանգները։ Իհարկե, այստեղ կան բազմաթիվ մտահոգություններ, սակայն դրանցից առավել է Արցախի անվտանգության և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանության հարցը։ Հենց սա է եղել կայացված որոշման հիմքը։

ՀՅԴ-ում ընդունված է հարցերը քննարկել հանգամանորեն և անդրադառնալ հարցերի բոլոր կողմերին. այստեղ որևէ այլ ինտրիգ փնտրելու հարկ չկա։ ՀՅԴ-ում անհատական որոշումներ չեն կայացվում, այս որոշումը ևս բացառություն չէ։ Այս որոշման հիմքերը ներկայացված են այսօր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ ընկեր Հակոբ Տեր-Խաչատրյանի տված մեկնաբանության մեջ։ Ինչ վերաբերում է ընկեր Դավիթ Իշխանյանին, վերջինս վայելում է իր ընկերների լիակատար վստահությունը»,- ասաց նա»։