«5 տարեկան երեխային հասցրել են հիվանդանոց՝ ճակատը պատռված». վթարի պատճառը պարեկներն էին

«5 տարեկան երեխային հասցրել են հիվանդանոց՝ ճակատը պատռված». վթարի պատճառը պարեկներն էին

Երեկ լրատվամիջոցներից մեկը տեղեկություն էր հրապարակել Լոռու մարզում տեղի ունեցած ավտովթարի մասին՝ մասնավորապես նշելով. «BMW-ն վազանց կատարելիս բախվել է պարեկային ծառայության ծառայողական RAV4-ին, մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց»:

Այսօր 168.am-ի խմբագրության հետ կապ է հաստատել հիշյալ միջադեպից տուժած քաղաքացիներից Զ. Չ.-ն, որը պնդում է՝ իրենց մեքենան ամենևին էլ վազանց չի կատարել, ու նման լրատվությունն ընդամենը պարեկային ծառայության համբավը փրկելու փորձ է:

«Նեղ ճանապարհ էր, պարեկային ծառայության մեքենան կայանված էր աջ կողմում, ու երբ մոտեցանք այդ մեքենային, հավասարվեցինք, այն անկանխատեսելիորեն հանկարծ որոշեց ձախ թեքվել-անցնել ճանապարհի մյուս կողմը, և արդեն անհնար էր կանգնեցնել մեր մեքենայի ընթացքը: Այն ուղղակի թեքվեց ու մեզ հարվածեց:

Վազանցի մասին խոսք լինել չի կարող, մենք հանգիստ գնում էինք, ու մեր հետևից շատ մեքենաներ էին գալիս: Ի դեպ, այդ մեքենաների վարորդները դուրս էին եկել ու հարձակվել էին պարեկների վրա, որովհետև տեսել էին պարեկների կոպիտ սխալը, որի հետևանքով մեր մեքենայից արյունլվա երեխա հանեցինք: 5 տարեկան երեխային հասցրել են հիվանդանոց՝ ճակատը պատռված, ու մենք գնում էինք ընդամենը 40-45 արագությամբ»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:

Վթարից տուժած քաղաքացին նշեց նաև, որ պարեկներն ու ավելի ուշ նրանց միացած նրանց գործընկերները կոպիտ են արձագանքել տուժող քաղաքացիների՝ իրենց հիվանդանոց հասցնելու խնդրանքին:

«Ես խնդրեցի, որ պարեկներն իրենց մեքենաներից մեկով մեզ հասցնեն հիվանդանոց, որովհետև պատահական մեքենայով արյունլվա զարմիկիս ու իր մայրիկին ուղարկեցինք հիվանդանոց, ու պետք է մենք էլ լինեինք այնտեղ: Ասացին՝ չենք կարող, ավտո կանգնեցրեք, գնացեք: Ստացվում է՝ իրենց գործընկերների մեղքով մենք վթարի ենք ենթարկվել, ու փոխարենն ամեն ինչ անեն, որ ինչ-որ չափով մեղմեն իրավիճակը, նման կերպ են պատասխանում: Ավելի ուշ եկան նաև պարեկային ծառայության երրորդ-չորրորդ մեքենաները, որոնցից մեկը, ի վերջո, համաձայնեց մեզ տանել հիվանդանոց»,- հավելեց քաղաքացի Զ.Չ.-ն:

Քաղաքացուն հատկապես վրդովվեցրել է հարկատուների միջոցներով աշխատավարձեր ստացող պարեկային ծառայողների ոչ կոմպետենտ լինելը, նրանց ծառայության որակը, վերաբերմունքը քաղաքացիներին և դեպքի մասին ոչ ճիշտ տեղեկության տարածումը:

«Իրենք իրավունք չունեն պրիմիտիվ սխալներ թույլ տալ, անփութության կամ տգիտության սխալներ: Հաջորդը՝ shamshyan.com կայքի «վազանցի» մասին հոդվածն է. մենք ընտանիքով այն ընկալում ենք՝ որպես պարեկային ծառայությանն արդարացնելու ձև, ինչն անընդունելի է, քանի որ, եթե սխալները թաքցվեն, դրանք չեն ուղղվելու»,- եզրափակեց նա:

Նշենք, որ BMW-ում գտնվողներն այցելության էին գնում 44-օրյա պատերազմում իրենց զոհված ազգականի գերեզմանին:

Ի դեպ, նշենք, որ քաղաքացիները պարեկների ծառայության որակից, նրանց անգրագիտությունից և վթարային իրավիճակներ ստեղծելու, էթիկայի տարրական կանոններ չիմանալու մասին հաճախ են ահազանգեր հնչեցնում: