433 միլիոն ջեքփո՞թն ուզում են խլել, ՊԲ նախկին հրամանատարի գործով կհարցաքննվի Քյոխը. Մամուլը՝ սուրճով

433 միլիոն ջեքփո՞թն ուզում են խլել, ՊԲ նախկին հրամանատարի գործով կհարցաքննվի Քյոխը. Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրեական գործով՝ Արեգասարի բարձունքի հանձնման գործընթացի քննության շրջանակներում, պետք է Հակակոռուպցիոն դատարան հրավիրվի նաեւ «Եղնիկներ» զորամասի հրամանատար, Արցախի հերոս Կարեն Ջալավյանը՝ Քյոխը։

Գործը քննվում է դռնփակ դատական նիստի շրջանակներում։

Հիշեցնենք, որ Միքայել Արզումանյանը մեղադրվում է 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչեւ նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում Շուշի քաղաքի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում իր ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսեւորելու համար, ինչի հետեւանքով, ըստ Քննչական կոմիտեի, հակառակորդի զինված ուժերն ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ են վերցրել Շուշի քաղաքը եւ մատույցները, հայկական ստորաբաժանումներն ունեցել են զոհեր եւ վիրավորներ»։

«Հրապարակ» թերթը գրում է. «Որքան էլ ՔՊ-ականները հերքեն, թե նոր Սահմանադրություն ունենալու պահանջ-հրահանգն Ալիեւից չեն ստացել, սակայն դիվանագիտական ոլորտի մեր աղբյուրներն ասում են, որ խաղաղության պայմանագրի նախագծում Ալիեւն այդ պահանջը գրավոր եղանակով ամրագրել է: Գրել է, որ պետք է Հայաստանի ներքին օրենսդրությունը համապատասխանեցվի այնպես, որ պայմանավորվող կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունենան։

Նշենք, որ նոր Սահմանադրությունն ընդունվելու է համաժողովրդական հանրաքվեով, եւ հօգուտ նոր Սահմանադրության պետք է քվեարկի «հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան հանրաքվեներին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդը», այսինքն` այնքան, որքան Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը նախորդ ընտրություններին ձայն են ստացել:

Իսկ ՔՊ-ն 688 հազար ձայն էր ստացել: Այսինքն՝ նոր Սահմանադրությանն առնվազն 647 հազար մարդ պետք է կողմ քվեարկի: Հարցի լուծումը կարող է լինել ընտրողների ռեգիստրի «մաքրումը», ինչը եւ քննարկվում է իշխանության կողմից։

Նշենք, որ նոր Սահմանադրություն ունենալու եւ ոչ թե եղածը փոփոխելու նպատակը մայր օրենքի նախաբանից Անկախության հռչակագրին արված հղումը ջնջելն է: Բանն այն է, որ փոփոխությամբ նախաբանը խմբագրելի չէ, իսկ նոր Սահմանադրություն ընդունելու դեպքում կարելի է ուղղակի նոր նախաբան գրել»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն դատարան որպես վկա է հրավիրվելու հարցաքննության Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը: Նշենք, որ իրավապահներն այդ քրգործով կալանավորել են Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության եւ բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Տիգրան Ռաֆիկի Մարտիրոսյանին, նույն բաժնի առաջատար մասնագետ Արման Նվերի Հարությունյանին:

Ըստ նախաքննական մարմնի պաշտոնական տեղեկության՝ վերջիններս նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, ունենալով տեղական ինքնակառավարման մարմնի անունից հանդես գալու լիազորություն, ինչպես նաեւ նույն մարմնի անունից իրավունք, պարտականություն կամ պատասխանատվություն առաջացնող գործառույթներ, հանդիսանալով պաշտոնատար անձինք, Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի՝ հրատապ լուծում պահանջող ընթացիկ աշխատանքներն իրականացնող «Ասֆալտ Քոնսթրաքշն» ՍՊ ընկերության տնօրեն Կամո Գերասիմի Գեւորգյանի նկատմամբ իրենց ծառայողական լիազորությունների իրականացման հետ կապված ընդհանուր բերեհաճ վերաբերմունքի համար 2023 թվականի հուլիսի 11-ին Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի վարչական շենքում Կամո Գեւորգյանից ստացել են խոշոր չափերով՝ 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ կաշառք-գումար, որը վերջինս անձամբ տվել է Տիգրան Մարտիրոսյանին, որը ստացված կաշառք-գումարից 150.000 դրամը հաջորդ օրը փոխանցել է Արման Հարությունյանին։

Նկատենք, որ նախաքննական մարմինը պատասխանատվության չի կանչել Կենտրոնի թաղապետ Սամվել Ղուկասյանին այն բանի համար, թե ինչպես եղավ, որ նրա ենթակաները, առանց իր իմացության, նման պատժելի քայլի գնացին:»։

«Հրապարակ» թերթը գրում է. «Դատախազությունը հրապարակային ծանուցմամբ քաղաքացի Իշխան Մարտիկի Վահրադյանին հրավիրել է դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարցերով վարչություն՝ նրան պատկանող գույքի առնչությամբ սկսված ուսումնասիրության շրջանակներում դիրքորոշում հայտնելու համար։

Ծանուցումից տեղեկանում ենք, որ Իշխան Վահրադյանը Երեւան քաղաքում է հաշվառված, նա 1982 թվականին է ծնվել։ Նրա հետ մեկտեղ դատախազություն է հրավիրվել նույն հասցեում հաշվառված Տաթեւիկ Գրիգորյանը, ենթադրվում է՝ կինը։ Ի դեպ, «Իշխան Մարտիկի Վահրադյան» տվյալներով մեկ մարդ կա Հայաստանում, ով բնակվում է Երեւանում: Նույն անուն-ազգանունով եւս մեկ հոգի հաշվառված է Շիրակի մարզի Ախուրյան համայնքում։

2020 թվին՝ 4 տարի առաջ, մամուլում հրապարակվեց, որ երեւանաբնակ Իշխան Վահրադյանը «Վիվառո» կազինոյում շահել է տարածաշրջանի ամենամեծ ջեքփոթը՝ 433 մլն 752 հազար 459 դրամ: Երեւանի բնակիչը խոշոր շահումը գրանցել է՝ ընդամենը 3 հազար 500 դրամ խաղադրույք կատարելով։

Դատախազությունից փորձեցինք ճշտել, թե արդյոք «ջեքփոթ բռնած» երեւանցի Իշխան Վահրադյանի՞ն են կանչել բացատրություն տալու, սակայն դատախազությունից չպատասխանեցին մեր հարցին՝ ասելով, որ հրապարակային ծանուցման մեջ նշված տվյալներից զատ ոչինչ չեն կարող ասել»: