Խրամատներ՝ Դիլիջանի ճանապարհներին

Բնականաբար, վարորդները դժգոհում են․ խրամատներ՝ Դիլիջանի ճանապարհներին (տեսանյութ) 
Հայաստանի ամենատուրիստական քաղաքներից մեկի՝ Դիլիջանի ճանապարհները ուղղակի անմխիթար վիճակում են։ Հատկապես Դիլիջանից Վանաձոր տանող ճանապարհը, որը միջպետական ճանապարհ է համարվում ու նաև Դիլիջանի ամենաթանկ թաղամաս տանող ճանապարհն է, բառացիորեն խրամատների է վերածվել։ 

Տուրիստական սեզոնի այս պիկ շրջանում մարդիկ Դիլիջանում երթևեկում են մարդաբոյ փոսերը մի կերպ շրջանցելով կամ իրենց մեքենաները այդ փոսերի մեջ վնասելով, քանզի այլ տարբերակ չկա։ Փողոցներ կան՝ մի մետր հարթ հատված չկա, ամբողջը փոս է։ Ու այս ճանապարհներով Հայաստանի կառավարությունն ուզում է տուրիզմը զարգացնել՝ մարդկանց խրամատների մեջ գցելով։

Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Սոնա Եգանյանը MediaHub-ի գետ զրույցում ասաց, թե մրցույթ են հայտարարել, ու պիտի այս տարի սարքեն ճանապարհները, այդ թվում՝ սուբվենցիոն ծրագրով քաղաքի միջի որոշ երկրորդական փողոցներ։ Իսկ կոնկրետ Դիլիջանից Վանաձոր տանող հատվածը արդեն ՏԿԵ նախարարության պատասխանատվության տակ է՝ իրենք պիտի սարքեն։ 

«Հիմա սուբվենցիոն ծրագրով հեսա շուտով կսկսվի Գետափնյա փողոցի ու դրան զուգահեռ փողոցի հիմնանորոգումը՝ մայթերով, շենքերի բակերով, և հիմա նոր ավագանու վերջին նիստով հաստատվեց՝ փոսալցումներ կան, բոլոր էն ծայրամասային փողոցները նախատեսված ա, արդեն փաստաթղթերը պատվիրված են»,- ասաց Սոնա Եգանյանը։ 

-Բայց արդեն ամառվա կեսն է՝ հուլիս ամիսն է, Դիլիջանն էլ ակտիվ տուրիստական քաղաք է, մի քիչ ուշացա՞ծ չեն այս աշխատանքները կամ ամոթալի՞ չէ, որ մինչև հիմա ճանապարհները այս վիճակում են։ 

-Չէ, ուշացած չէ, որովհետև էնքան երկար ա տևում էդ փաստաթղթային հարցերը։ 2024 թվականի սուբվենցիոն ծրագրում ներգրավվել ա Գետափնյա փողոցը, ու մինչև էդ ճարտարապետահատակագծային առաջադրանք ա, նախարարություններով անցնում ա, բավականին երկար տևում ա։ Ավելի լավ ա՝ կառուցվի, վերանորոգվի, թեկուզ՝ մի քիչ ուշ, քան ասենք՝ չէ, ուշ ա, տուրիստական քաղաք ա, և այլն։ Ճիշտն ասած՝ ես անձամբ չեմ զբաղվում էդ հարցերով, ուղղակի փաստաթղթերից տեղեկացված են, որ էդ աշխատանքները շուտով կսկսվեն։ 

-Այսինքն՝ բյուրոկրատիա՞ն է ձգձգում էս աշխատանքների մեկնարկը։ 

-Չէի էլ ասի, բնականոն ընթանում է, նենց չի՝ ինչ-որ տեղ լռվում ա կամ ուշացվում ա։ Երկար պրոցես ա, ուղղակի։

 -Դե, էդ երկար պրոցեսը հաշվի առնելով՝ կարելի էր ավելի վաղ սկսել, չէ՞, այդ փաստաթղթային հարցերի կազմակերպումը։

-Դիլիջանում անհնար էր էս վերջին երեք ամիսը որևէ շինարարական աշխատանք կատարելը, ամեն օր շատ վարար հեղեղումներով անձրևներ են եղել։ Ընդամենը երկու օր ա, որ անձրև չի գալիս։ 

-Իսկ Վանաձոր-Դիլիջան հատվածը, որ ասես՝ խրամատների միջով երթևեկես, այս տարի նո՞ր է որոշվել, որ պետք է նորոգվի։ 

-Չէ, վաղուց է սկսած, ճիշտն ասած, անձրևների պատճառով մի քիչ ուշացավ, նախորդ տարի հաստատվել ա, ու էս տարվա սկզբից արդեն ոնց որ աշխատանքները գնում են։ 

-Ես նկատեցի՝ ընդամենը եզրաքարերն էին շարում։ Բուն ասֆալտապատման աշխատանք չկար դեռ։ 

-Հա, բայց մինչև էդ քանդել են հինը։ Հին եզրաքարերը հանել են, հարթեցրել են, հետո արդեն անձրևները սկսեցին, բնականաբար՝ անձրևի ընթացքում հնարավոր չէ շինաշխատանք կատարել։

-Իսկ ժամկետ կա՞, թե երբ են ավարտելու այդ սուբվենցիոն ծրագրերով նախատեսված աշխատանքները։ 

-Բնականաբար, բոլոր ծրագրերն էլ ժամկետով են, ուղղակի ես հստակ չեմ կարող ասել՝ սուբվենցիոն ծրագրերով ֆինանսական բաժնի պետն է զբաղվում։

-Իսկ բնակիչները չե՞ն դժգոհում ճանապարհների վիճակից, արդեն մի քանի տարի է՝ նոր քաղաքապետ ունեք, բայց երբ այցելում ենք Դիլիջան՝ նույն վիճակն է։

-Բնակիչները իրազեկված են, որ ծրագրերը ընթացքի մեջ են, երևի դրա համար չեն դժգոհում։ Չնայած՝ դե, բնականաբար, վարորդները դժգոհում են, բայց դե՝ ի՞նչ անենք, հնարավորինս արագացվում ա, հատկապես համայնքապետարանի կողմից։ 

Վահե Մակարյան