Բաքուն Հայաստանում Եվրոպական դիտորդների առաքելությանը կրկին լրտես է անվանել

Բաքուն Հայաստանում Եվրոպական դիտորդների առաքելությանը կրկին լրտես է անվանել

Այն բանից հետո, երբ եվրոպացի դիտորդները երեկ հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի հյուսիսային և հարավային շրջաններում դիտարկել են ադրբեջանական սահմանը, որտեղ վերջին մեկ շաբաթվա ընթացքում՝ կրակոցները չեն դադարում, ադրբեջանական դիրքերից նկարահանել են դիտորդներին։ Թշնամի երկրի պետական լրատվամիջոցները կից լուսանկարով հաղորդագրություն են տարածել և նրանց լրտես անվանել։ 

«Կադրերում պարզ երեւում է, թե ինչպես են ԵՄ դրոշներով 4 եվրոպացի լրտեսներ ժամանել պայմանական սահման և հեռադիտակի միջոցով զննում Ադրբեջանի տարածքները: ԵՄ ներկայացուցիչների սադրիչ գործողություններն արձանագրվել են այս ուղղությամբ տեղակայված Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ստորաբաժանումների տեսողական եւ տեխնիկական միջոցներով»,-նշված է հաղորդագրության մեջ։

«Եթե Ադրբեջանի ԶԼՄ-ներն օգտագործում են «լրտես» տերմինը, դա նշանակում է, որ Բաքվի օրեցօր երկարող ձեռքերը ոչ ոք չի համարձակվելու «կտրել»։ Անգամ Եվրոպան ու նույն դիտորդները սահմանափակվելու են կոչերով ու հորդորներով։ Իրականում, այդ առաքելությունը ձևից բացի որևէ անվտանգային բովանդակություն չունի։ Չի բացառվում, որ հենց դիտորդների ներկայությամբ Ադրբեջանը «հակաֆաշիստական» ռազմական գործողություն սկսի Հայաստանի նկատմամբ։ Ինչո՞ւ հակաֆաշիստական։ Այդ եզրույթը Իլհամ Ալիևը հենց այնպես չի օգտագործել։ 

Արցախցիներին նա անվանել է ահաբեկիչներ ու սեպտեմբերի 19-ին Արցախի նկատմամբ իրականացրել այսպես կոչված «հակաահաբեկչական օպերացիա», իսկ  Ռուբեն Վարդանյանին Բաքվում դատում են «ահաբեկիչներին» աջակցելու հոդվածով։ Ամենայն հավանականությամբ նույն սցենարը կիրականացվի Հայաստանում»,-MediaHub-ին ասաց վերլուծաբան Գեորգի Իսրայելյանը։ 

Հրադադարի պահպանման ռեժիմի հաճախակի խախտումների, երկրի ներսում կատարվող քաղաքական իրադարձությունների ֆոնին՝ Ադրբեջանը տարածաշրջանում ավելի ու ավելի է ամրապնդում իր դիրքերը։ 

«ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Թոֆիկ Մուսաևը նամակ է հղել կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշին, որի բովանդակությունը Հայաստանի հասցեին մեղադրանքների շարք է։ Մուսաևն ասում է՝ տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը պահանջում են Հայաստանից խստորեն կատարել իր միջազգային պարտավորությունները, լիարժեք և անվերապահ հրաժարում տարածքային պահանջներից, ագրեսիայի և օկուպացիայի հետևանքով Ադրբեջանին հասցված վնասի վերացում, զերծ մնալ ապատեղեկատվությունից և կեղծ տեղեկատվությունից, ինչպես նաև ցանկացած այլ գործողություններից, որոնք խոչընդոտում են միջպետական հարաբերությունների նորմալացման հեռանկարներին»: 

Ադրբեջանը չի հրաժարվում իր քաղաքականությունից։ Սուտ ու կեղծիք տարածելը և դրա մեջ Հայաստանին մեղադրելը այդ երկրի վարչակարգի «հաջողության» գլխավոր գործակիցն է», -եզրափակեց մեր զրուցակիցը։

Հունան Թադևոսյան