Շվեդիան եւ ԱՄՆ-ը նոր համաձայնագիր են կնքել, ըստ որի ամերիկյան կողմը կապահովի շվեդական սահմանների անվտանգությունը ՆԱՏՕ-ին երկրի անդամակցելու ժամանակահատվածում, հայտնում է SVT հեռուստաալիքը։
Ինչպես նշել է ԱՄՆ բանակի (Ցամաքային զորքերի) գլխավոր շտաբի պետ, գեներալ Ջեյմս Մակքոնվիլը, երկու երկրների համագործակցությունը երբեք այսքան կարեւոր չի եղել։ Նա վստահեցրել է, որ ԱՄՆ-ը լիովին պատրաստ է պաշտպանել Շվեդիային։
Համաձայնագրի կնքումը, նշել է նա, ավելի շատ հնարավորություններ է ընձեռում համատեղ ռազմական գործողությունների անցկացման համար՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտի ներկայացման «անորոշ եւ շատ առումներով բարդ ժամանակաշրջանում»:
«ԱՄՆ-ի լավ բարեկամ լինելը լավ է, երբ խոսքը վերաբերում է պատերազմին»,- ասել է շվեդական բանակի հրամանատար Կառլ Էնգելբրեկցոնը՝ մեկնաբանելով համաձայնագրի ստորագրումը։
Մակքոնվիլի խոսքով՝ երկու երկրները ամուր գործընկերություն ունեն։