Մարտի մեկի զոհերի հիշատակը կհարգի՞ Փաշինյանը

Վաղը կլրանա մարտի մեկյան ողբերգական իրադարձությունների 15-րդ տարելիցը։ 2008 թվականին, ՀՀ նախագահական ընտրություններից հետո, փետրվարի 24-ին Հայաստանի ԿԸՀ-ն հայտարարել էր, որ ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը։ Օրեր շարունակ բողոքի ակցիայի մասնակիցները, որոնք նախագահի թեկնածու, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն էին, պահանջում էին վերահաշվարկել քվեները։
Մարտի 1-ի գիշերը Ազատության հրապարակում ոստիկանական ուժերը օպերատիվ-հետախուզական գործողություններ էին իրականացրել տեղանքը ստուգելու համար, որից հետո հազարավոր ցուցարարների հեռացրել էին հրապարակից։
Մարտի 1-ի երեկոյան ԶՈւ և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ սարքերի և հատուկ միջոցների օգնությամբ ցուցարարներին ցրելու համար հատուկ գործողություններ էին իրականացրել։ Հարյուրավոր մարդիկ վնասվածքներ էին ստացել, մահացել էին 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան։
Իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը խոստացավ, որ «բացահայտելու է Մարտի մեկը», ապա հայտարարեց, որ դեպքերն ամբողջությամբ բացահայտված են, բայց թե ինչպես՝ պարզ չէ։
Ի՞նչ է անելու Փաշինյանը վաղը՝ իր մասնակցությամբ դեպքերից 15 տարի անց․ նրա աշխատակազմի լրատվական բաժնից դեռևս ոչ մի հստակ բան չեն ասում, օրակարգ չեն հայտնում։
MediaHub-ի տեղեկություններով, ինչպես միշտ, այս անգամ ևս Փաշինյանը կայցելի դեպքերի էպիկենտրոն՝ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի մոտ ծաղիկներ խոնարհելու։
Նարե Գնունի