«Փաստ» օրաթերթը գրում է.
Արտաքին քաղաքականության մեջ «հավասարակշռության սկզբունք» հռչակելով՝ Նիկոլ Փաշինյանը, չհասցնելով հիանալ Թրամփի հետ համատեղ լուսանկարներով, ուղևորվեց հակադիր ճամբար՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթաժողովին։ Այնտեղ նա անմիջապես փորձեց անդամակցել կազմակերպությանը։
Հիշեցնենք, որ, ըստ Փաշինյանի, «հավասարակշռության սկզբունքն» այն է, երբ նա փորձում է ամեն ինչ միաժամանակ անել, սակայն արդյունքում շփոթեցնում է գործընկերներին իր անհետևողականությամբ։ Ուզում է «և՛ մերոնց, և՛ ձերոնց», բայց ստացվում է՝ ոչ մեկին։
Կանխատեսելի էր, որ Փաշինյանը, որ նոր էր երկարաժամկետ վարձակալության հանձնել հայկական հողերը ԱՄՆին՝ Չինաստանի գլխավոր մրցակցին, չինացիներից ստացավ ընդամենը բազմաթիվ քաղաքավարի ժպիտներ, ոչինչ չնշանակող «գերհրաշալի-ստրատեգիական-գործընկեր» կարգավիճակ, իսկ կոնկրետ, շոշափելի «արդյունքն» այն էր, որ ստացավ անդամակցելու արգելափակում՝ Չինաստանի պրոքսիի՝ Պակիստանի կողմից։ Նույն Պակիստանի, որի հետ ՀՀ-ն նոր-նոր էր հաստատել դիվանագիտական հարաբերություններ։ Սա հերթական դրվագն է, ինչը ցույց է տալիս, որ նման՝ «հավասարակշռության սկզբունք» որդեգրածի հետ բարեհաճ կլինեն միայն հռետորաբանության և ձևական ժեստերի մակարդակով։ Այսպիսով, ՇՀԿ այցը վերածվեց դիվանագիտական ձախողման և հերթական նվաստացման՝ չնայած մեդիայում դրական ներկայացմանը։
Այդուհանդերձ, գագաթաժողովի շրջանակներում Փաշինյանը հնարավորություն ունեցավ շփվելու Ալիևի հետ, որը նույնպես եկել էր ՇՀԿ անդամակցություն խնդրելու։
Մինչ ադրբեջանցիները Ստեփանակերտում քանդում էին հայոց այբուբենի հուշարձանը, իսկ ԵԱՀԿ-ն փակում էր Մինսկի խումբը (և նրա հետ մահանում էր վերջին հույսը՝ կապված հայ ռազմագերիների և արցախցի փախստականների հարցերի լուծման հետ), Փաշինյանը, դատելով լուսանկարներից, ուրախ ժամանակ էր անցկացնում ադրբեջանցի առաջնորդի ընկերակցությամբ։
Ալիևին, ինչպես և Փաշինյանին, գագաթաժողովում ոչինչ չհաջողվեց. նրա անդամակցության հայտը նույնպես արգելափակվեց։ Սակայն նա հնարավորություն ունեցավ պարծենալ «Զանգեզուրի միջանցքի» բացվող հեռանկարներով։ Ընդ որում, նրա ելույթում Հայաստանը ընդհանրապես չհիշատակվեց։ Լսելով Ալիևին՝ կարելի էր եզրակացնել, որ միջանցքով անցնող տարածքը պատկանում է Ադրբեջանին։ Նույնիսկ Փաշինյանը անհարմար զգաց Ալիևի այդքան ուղիղ հռետորաբանությունից և շտապեց հակադարձել, թե Ադրբեջանի նախագահի խոսքերը ընկալվում են ոչ այն տրամաբանությամբ, որի շուրջ համաձայնություն էր ձեռք բերվել Վաշինգտոնում։ Բայց դա նորություն չէ՝ Բաքուն միշտ էլ այդ տրամաբանությունը կխեղաթյուրի՝ ըստ իր հարմարության։ Այնուամենայնիվ, դա չխանգարեց Փաշինյանին ևս մեկ անգամ հաստատել, որ ադրբեջանցիների համար Հայաստանի տարածքով անցումը կլինի անխոչընդոտ։ Դե ինչ, եթե Հայաստանը պատրաստվում է ազատ թողնել սահմանով անցնող ադրբեջանական մեքենաները, գուցե տրամաբանական է, որ Ալիևը իր նախագծում Հայաստանը չի հիշատակում։ Ինչո՞ւ հիշատակել, եթե հենց հայկական կողմն է հաստատում, որ այս հարցում կարելի է Հայաստանի հետ հաշվի չնստել։
Ընդհանուր առմամբ, Փաշինյանի այցը ՇՀԿ ավարտվեց նույն արդյունքով, ինչ նրա բոլոր այցերը՝ մի շարք ձևական քաղաքավարության ժեստեր Հայաստանի հասցեին, որոնք որևէ կոնկրետ օգուտ չեն տալիս, բայց վարչապետի մամուլի ծառայության կողմից արձանագրվում են որպես դիվանագիտական հաջողություններ։ Իսկ ցանկալի գործընկերների կողմից՝ որևէ լուրջ քայլի բացակայություն։ Ինչո՞ւ: Որովհետև գործընկերները տեսնում են, որ Հայաստանի իշխանությունները փորձում են միաժամանակ շարժվել հակադիր ուղղություններով։ Բայց նման շարժումն անհնար է։ Հետևաբար, փաշինյանական «հավասարակշռության սկզբունքը» բացառում է Հայաստանի իրական մերձեցումը թե՛ Արևմուտքի, թե՛ նրա հակառակորդների հետ։
Եվ, կարծես, միակ գործընկերը, որի հետ հարաբերություններից Հայաստանը չի կարող խուսափել, Թուրքիան է։ Միգուցե հենց Թուրքիայի հետ բացառիկ հարաբերությունների համա՞ր է, որ Փաշինյանը ձախողում է արտաքին քաղաքականության բոլոր մնացած նախագծերը։
«Հրապարակ» թերթը գրում է.
Արսեն Թորոսյանի սոցապնախարար նշանակվելուց հետո թափուր է մնացել ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահի պաշտոնը։
Մեր տեղեկություններով, 2 թեկնածու կա․ մեկը հանձնաժողովի ներկայիս փոխնախագահ Հռիփսիմե Հունանյանն է, որը բախտի բերմամբ մանդատ է ստացել, ապա՝ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը՝ Լուսինե Բադալյանի հրաժարվելու պատճառով, սակայն ՔՊ -ում նրան չեն համակրում:
Բոլորը հիշում են, որ նա թիվ 1 քաղաքական մարմնում հայտնվել է առանց բարձրագույն կրթություն ունենալու եւ հակված են նախկին սոցապնախարար Զարուհի Բաթոյանի թեկնածությանը։
Սեպտեմբերի 8-ին մեկնարկելիք նստաշրջանից առաջ ՔՊ-ն նիստ կանի եւ կընտրի հանձնաժողովի նախագահ։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հաջորդ շաբաթ ԱՄՆ-ից Հայաստան են ժամանելու տարբեր շրջանակների ներկայացուցիչներ։ Իշխանական լավատեղյակ աղբյուրները մեզ փոխանցեցին՝ այցի օրակարգը վերաբերում է այն ծրագրին, որը հրապարակային դաշտում հայտնի է որպես «42 կիլոմետրանոց՝ Թրամփի միջանցք»։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ամերիկացի հյուրերը քննարկելու են ոչ միայն միջանցքի տեխնիկական ու քաղաքական մանրամասները, այլեւ ներդրումների ծավալը, առաջնահերթությունները, ինչպես նաեւ շինաշխատանքների մեկնարկի ժամկետները։
Ըստ աղբյուրների՝ այցի նպատակն է հստակեցնել քայլերի հաջորդականությունը, որոնք ուղղված են արդեն նախաստորագրված Թրամփ-Ալիեւ-Փաշինյան հուշագրի տարբերակի գործնական իրականացմանը։
Այս պահին պաշտոնական աղբյուրները լռում են թե՛ այցի մանրամասների, թե՛ օրակարգի մասին։ Սակայն «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ քննարկումները լինելու են փակ ձեւաչափով, իսկ որոշումները ուղիղ կապ են ունենալու տարածաշրջանում ճանապարհային նոր իրականություն ձեւավորելու հետ»։