Փաշինյանի իշխանությունը լեգիտիմացնում է փողով բանակից ազատվելու պրակտիկա՞ն

ՀՀ պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որով առաջարկվում է 24 մլն դրամ վճարելու պարագայում պարտադիր զինծառայությունը երկու տարվա փոխարեն դարձնել մի քանի ամիս։
Օրենքի ընդունման դեպքում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համակարգը փոխարինվում է շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգով, այդ ծառայությունն անցած զինծառայողների համար սահմանվում է պատվովճարի հաշվարկում՝ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված չափով և կարգով, ներդրվում է շարքային կազմի կարճաժամկետ պարտադիր զինծառայություն՝ ՀՀ պետական բյուջե գումար վճարելու պայմանով, ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված ծառայության վայրում և պայմաններով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ծրագրի դադարեցմամբ պայմանավորված սահմանվում են անցումային դրույթներ:
Ի՞նչ ռիսկեր ու մարտահրավերներ է պարունակում այս նախագիծը. թեմայի շուրջ MediaHub.am-ը զրուցեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հետ։
Վերջինիս խոսքով՝ նախագիծն ամբողջությամբ անընդունելի է, որովհետև խորացնում է սոցիալական անարդարությունը։
«Ստացվում է, որ այն մարդիկ, որոնք ունեն քիչ թե շատ հնարավորություն, նրանց որդիները կազատվեն զինվորական ծառայությունից, ինչի հետ ես կոնցեպտուալ առումով որևէ կերպ չեմ կարող համաձայն լինել»,- նշեց Աբրահամյանը։
Դիտարկմանը, որ նախկինում, երբ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր քաղաքական գործիչ էր, հաճախ էր խոսում օլիգարխների որդիների՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելուց, իսկ այսօր, փաստացի, իր իշխանության օրոք փորձ է արվում լեգիտիմացնել այդ ամենը, Տիգրան Աբրահամյանն արձագանքեց՝ դեռ ապացուցված չէ, որ նախկինում եղել են նմանատիպ՝ գումարի դիմաց ծառայությունից ազատվելու դեպքեր։
«Այդ հայտարարություններից անցել է երկար ժամանակ, իսկ այս իշխանությունը չորս տարի ուներ՝ նման դեպքերը բացահայտելու ու ներկայացնելու։ Ծառայությունից անօրինական ձևով ազատվելու դեպքերի մեծածավալ բացահայտումներ չեն եղել։ Բացի այդ, եթե կան կոռուպցիոն ռիսկեր, ապա խնդիրը պետք է լուծվի ռիսկերը էականորեն նվազեցնելով, այլ ոչ թե այս ճանապարհով»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։
Միևնույն ժամանակ, պատգամավորը նկատեց, որ որևէ մեկը չի կարող պնդել, թե այսօր բանակից փողով ազատվողներ չկան։
Նշենք, որ նախագծում խոսք կա այս ճանապարհով պայմանագրայիններին զինվորական ծառայության մեջ ներգրավվելու մասին, ինչը, սակայն, ըստ Աբրահամյանի, թույլ հիմնավորում է.
«Եթե պետությունը գումար ունի, օրինակ, պարեկային ծառայության համար, և ոստիկանության շարքայինն ավելի շատ գումար է ստանում, քան մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողը Զինված ուժերում, ապա արդեն իսկ պարզ է, որ այս իշխանության համար կարևորը սեփական աթոռը պահելն է, այլ ոչ մեր պետության անվտանգությունը»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։
Եզրափակելով նաա ասաց, որ այժմ ավելի կարևոր է զինծառայողների աշխատավարձերի բարձրացման և նրանց սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման մասին մտածելը։
Նարե Գնունի