Kia-ն բախվել է BMW-ին, BMW-ն էլ՝ Volkswagen-ին․ վիրավոր վարորդի ոտքերի տակ հայտնաբերվեց կոնյակի կիսադատարկ շիշ

Kia-ն բախվել է BMW-ին, BMW-ն էլ՝ Volkswagen-ին․ վիրավոր վարորդի ոտքերի տակ հայտնաբերվեց կոնյակի կիսադատարկ շիշ

Այսօր՝ հունվարի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում Kia մակնիշի ավտոմեքենան Օրբելի փողոցում, դեպի Բաղրամյան պողոտա ընթանալիս, Օրբելու թունելի հարևանությամբ բախվել է կայանված BMW մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, BMW-ն էլ, առաջ ընթանալով, բախվել է կայանված Volkswagen-ին։ Բախումից հետո Kia-ն ամբողջությամբ ճանապարհը փակել է, և երթևեկությունը դարձել է անանցանելի։

Օպերատիվորեն ժամանել են Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Բժիշկներն ու պարեկները գրեթե 40 րոպեից ավելի Kia-ի վարորդին, ում դեմքը վնասվել է, համոզում էին, որպեսզի տեղափոխեն հիվանդանոց, իսկ նա ընդվզում էր։ Սակայն բժիշկները ոչ միայն տեղում առաջին բուժօգնությունը ցուցաբերեցին վիրավորին, այլև շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխեցին «Արմենիա» բժշկական կենտրոն։

Kia-ի վարորդի ոտքերի տակ հայտնաբերվեց կոնյակի կիսադատարկ շիշ։